Իսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկները
ՄՇԱԿՈՒՅԹՀնագետները Իսպանիայի հյուսիսարևելքում՝ Կատալոնիայի Կովա դե լա Ֆոնտ Մայոր քարանձավում, հայտնաբերել են պալեոլիթի դարաշրջանի 280 փորագիր պատկեր։ Դրանց թվում են կենդանիների 55 պատկեր, ինչպես նաև բազմաթիվ վերացական խորհրդանիշներ ու երկրաչափական նախշեր։ Մարդիկ դարեր շարունակ այցելել են քարանձավ, սակայն հնագույն պատկերներն աննկատ են մնացել մինչև 2019 թվականը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antiquity ամսագրում։
Քարանձավը զբոսաշրջիկների, հետազոտողների և գանձ որոնողների ուշադրությունն է գրավել XX դարի կեսերից։ 1993 թվականին այն դարձել է պաշտոնական զբոսաշրջային տեսարժան վայր։ Հետազոտության համահեղինակ, Մարդու պալեոէկոլոգիայի և սոցիալական էվոլյուցիայի կատալոնական ինստիտուտի աշխատակից Ժոզեպ Մարիա Վերգեսը նշել է, որ մի քանի տասնամյակի ընթացքում հազարավոր այցելուներ են անցել փորագիր պատկերների կողքով։ Ոմանք նույնիսկ իրենց գրություններն են թողել հնագույն պատկերների վրա։
Գիտնականները երկար ժամանակ կարծում էին, որ քարանձավի պատերի մակերեսը հարմար չէ սառցադարյան փորագիր պատկերներ ստեղծելու համար։ Սա մասամբ բացատրում է, թե ինչու է հայտնագործությունն այդքան ուշ արվել։
Հայտնաբերված հավաքածուն առանձնահատուկ նշանակություն ունի Պիրենեյան թերակղզու նախապատմական արվեստի ուսումնասիրության համար։ Թեև այստեղ է գտնվում Եվրոպայում հայտնի վերին պալեոլիթի քարանձավային արվեստի նմուշների կեսից ավելին, դրանց մեծ մասը կենտրոնացած է Իսպանիայի և Ֆրանսիայի տարածքներում գտնվող ֆրանկո-կանտաբրական տարածաշրջանում։ Մինչև նոր հայտնագործությունը Կատալոնիայում հայտնի էր սառցադարյան կենդանիների ընդամենը երկու պատկեր։
Պիրենեյան թերակղզու միջերկրածովյան ափին հայտնի հուշարձանների մոտ 75%-ում կենդանիների պատկերների թիվը չի գերազանցում հինգը, իսկ ավելի քան 90%-ում՝ 20-ը։ Այս համատեքստում Կովա դե լա Ֆոնտ Մայորի 55 պատկերները քարանձավը դարձնում են տարածաշրջանի առավել նշանակալի հուշարձաններից մեկը։
Փորագիր պատկերները համեմատելով ֆրանկո-կանտաբրական քարանձավների պատկերների հետ՝ հետազոտողները գեղարվեստական ոճի նկատելի տարբերություններ են հայտնաբերել։ Նրանց կարծիքով, Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելքում գոյություն է ունեցել ինքնուրույն գեղարվեստական ավանդույթ, որը տարբերվել է հարևան տարածաշրջանների առավել հայտնի ավանդույթից։
Պատկերների քանակը նաև ստիպում է վերանայել վերին պալեոլիթի դարաշրջանում այս տարածքի բնակչության թվաքանակի մասին պատկերացումները։ Նախկինում տարածաշրջանը համարվում էր համեմատաբար սակավաբնակ, սակայն փորագիր պատկերների առատությունը վկայում է մարդկանց ավելի ակտիվ գործունեության մասին, քան ենթադրվում էր նախկին մոդելներով։
Հետազոտողները կարծում են, որ որոշ շրջաններում նախապատմական արվեստի հայտնի հուշարձանների բացակայությունը միշտ չէ, որ նշանակում է, թե այնտեղ նման պատկերներ չեն եղել։ Արդյունքների վրա կարող էին ազդել որոնումների առանձնահատկությունները, լուսավորությունը և ապարների պահպանվածության աստիճանը։ Գիտնականները կոչ են անում համակարգված կերպով ուսումնասիրել Կատալոնիայի ժայռապատկերային արվեստը, որտեղ կարող են հայտնաբերվել հնագույն մարդկանց կյանքի և խորհրդանշական մտածողության նոր վկայություններ։