Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյս հարցում բոլորիս քայլերը պետք է լինեն այնպիսին, որ ունենան և՛ արդյունավետություն, և՛ օգտակար գործողության գործակից։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապված ՄԻՊ-ի աշխատանքներին։
Անահիտ Մանասյանը նաև տեղեկացրել է, որ գերիների հարցի մասին անձամբ խոսել է միջազգային բազմաթիվ հարթակներում։
«Այս հարցի բարձրաձայնման արդյունքում է, որ շատ արտաքին դերակատարներ ցանկություն ունեն մեզ կարգավիճակից որոշակի առումով զրկելու, որովհետև եթե զրկվում ես կարգավիճակից, չունես բարձր ամբիոններից վստահելի խոսք ներկայացնելու հնարավորություն»,- նշել է նա։
Լրագրողը ճշտեց, թե «կարգավիճակից զրկել» ասելով՝ ինչ նկատի ունի, իսկ Անահիտ Մանասյանը պարզաբանեց՝ ՄԱԿ-ի կողմից ՄԻՊ հաստատությանը տրված կարգավիճակի մասին է խոսքը։
Ըստ ՀՀ օմբուդսմենի՝ սա հարց է, որը բոլորին մտահոգում է, և ամեն մեկը փորձում է իր ունեցած հնարավորությունների սահմաններում խնդրին լուծում տալ։
Անահիտ Մանասյանը նաև հիշեցրել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում շատ գերիների հնարավոր է եղել վերադարձնել Հայաստան, այդ թվում՝ ՄԻՊ դերակատարների և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի իրականացրած գործունեության արդյունքում։
«Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել այս հարցի ուղղությամբ, որ հնարավորինս ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար»,- ասել է նա: