Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ-տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Լոռու քրեական և Ստեփանավանի ոստիկանության բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Պողոսյանն է, ով մահացել է կրծքավանդակի աջ և ձախ կեսի հատվածներում ստացած ծակած-կտրած վերքերից։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական և համայնքային ոստիկանները ու Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական մանրամասները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Պողոսյանին դանակի հարվածներ է հասցրել հարևանի տղան։