Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի քաղաքական դաշտը լայնորեն քննարկում է Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունները, այդ թվում՝ այն, որ եթե ընդդիմադիրների բարձրացրած հարցերին իշխանությունը դրական պատասխան տա, և խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը, նրանց դեմ հանրային ճնշում կգեներացվի: Փաշինյանն այս համատեքստում հայտարարել է, թե ինքը լեգիտիմ է համարում ընդդիմության հարցադրումները հայ-ադրբեջանական խաղաղության ու նոր Սահմանադրության մասին, որի նախագիծը, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այս ամիս:
Այնինչ, ընդդիմադիր դաշտում իշխանության այս մոտեցումները բոլորովին այլ գնահատականի են արժանանում։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, այն որակել է որպես պետական հեղաշրջման մասին հայտարարություն։ Նա նշել է, որ վարչապետը հանդես է գալիս որպես մոլի քաղաքացիական բախումների կողմնակից, նախաձեռնող և ինժեներ: «Միջազգային հարցերի, պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել»,-հավելել է նա:
«Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն էլ երեկ գրառում է կատարել՝ մասնավորաբար նշելով. «Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի, պատանդառության որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր որևէ անձի որոշման վրա և ստիպել նրան կողմ արտահայտվել այն գործընթացին, որը հանգեցնելու է Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ևս տարբեր ֆորմատներով արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Ալիևյան սահմանադրությանը: Խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման համար «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 ձայն, և առանց ընդդիմադիրների իշխող ուժը չի կարող այդ որոշումն ընդունել: Թեև Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը համարում է ներքին օրակարգ, բայց խորհրդարանական ընդդիմադիրներն այն բնութագրում են որպես «Ալիևի Սահմանադրություն»: Ընդդիմադիր ամենամեծ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հերթին անդրադարձել է գործընթացի բովանդակությանը՝ շեշտելով. «Սա խաղաղություն չէ, սա զիջումներ են, սրանք զիջումներ են առանց խաղաղության»:
Հիշեցնենք, որ Բաքուն անցած օգոստոսին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ: Նոր Սահմանադրության բովանդակությունը դեռ հայտնի չէ, հանրայնացվել է միայն այն, որ նոր տեքստում այլևս չի լինի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը:
Խոսելով իշխանության գործողությունների և հնարավոր զարգացումների մասին՝ Տիգրան Աբրահամյանը նշել է. «Իրենց ասել են, որ պետք է փոխել Սահմանադրությունը, հիմա իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների։ Հաջորդիվ Ադրբեջանն ի՞նչ կուզի, իրենք էլ չգիտեն»:
Անդրադառնալով հասարակական ճնշումների մասին իշխանության պնդումներին՝ ընդդիմադիր գործիչն ընդգծել է. «Հիմա որ սպառնում են հասարակական ճնշումներով, հասարակության դիրքորոշումը եղել է 2023 թվականի հուլիսի 7-ին, եւ մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին չի տվել սահմանադրական մեծամասնություն Սահմանադրություն փոխելու համար։ Ընտրություններով ժողովուրդն ասել է՝ դու չես կարող ինքնագլուխ Սահմանադրություն փոխել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում