Փարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում կյանքի թանկացման դեմ նոր զանգվածային ցույցի նախօրեին գործարարներն սկսել են ամրացնել խանութների ցուցափեղկերն ու մուտքերը՝ վախենալով ջարդերից ու թալանից, հայտնում է BFMTV-ն։
Բողոքի ակցիան նախատեսված է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին։ Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ Ֆրանսիայի Պետական խորհուրդը թույլատրել է երթն անցկացնել մայրաքաղաքի արևելքում գտնվող Բանյոլեի դարպասներից մինչև Շարանտոնի դարպասներ ընկած երթուղիով: Գերատեսչությունը կոչ է արել մասնակիցներին չշեղվել հաստատված երթուղուց։
Ավելի վաղ կազմակերպիչներն առաջարկում էին երթն անցկացնել Փարիզի կենտրոնական հատվածով, սակայն ոստիկանությունն արգելել էր նախնական երթուղիները՝ վկայակոչելով անկարգությունները կանխելու և խանութները պաշտպանելու անհրաժեշտությունը։ Դատական քննություններից հետո վերջնական երթուղին սահմանել է Պետական խորհուրդը։
Իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են կրկնվել նախկին բախումներն ու առևտրի կետերի թալանի դեպքերը։ Որոշ տվյալներով՝ հոկտեմբերի 17-ի ցույցի ժամանակ ամբողջ երկրում անցկացված երթերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ հաջորդ հանգստյան օրերին՝ մոտ 410 հազար։ Իշխանությունները պատրաստվում են ողջ Ֆրանսիայում 70 հազար ոստիկան և ժանդարմ ներգրավել։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երրորդ շաբաթավերջն անընդմեջ։ Սկզբնապես շարժումը մեկնարկել էր դպրոցականների՝ ուսման պայմանների դեմ բողոքի ակցիաներով, սակայն հետագայում այն վերածվեց կյանքի թանկացման, պետական ծառայությունների վիճակի և կառավարության բյուջետային քաղաքականության դեմ ուղղված ավելի լայն դժգոհության։ Ակցիաներին մասնակցում են ուսանողներ, արհմիություններ և «դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստները։