Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի համակերպվում խորհրդարանում իր նոր կարգավիճակի հետ։
Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից ի վեր Քոչարյանը կարծես փորձում է ընդգծել, որ իրեն չի նույնացնում ՔՊ խմբակցության մյուս պատգամավորների հետ՝ նախընտրելով գործել առանձին և սեփական օրակարգով։
Դրա հերթական դրսևորումը, ըստ էության, նկատվեց երեկ՝ հոկտեմբերի 27-ին։ Մինչ ՔՊ խմբակցության պատգամավորները միասին այցելել էին խորհրդարանի բակում գտնվող՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան և ծաղիկներ խոնարհել, Անդրանիկ Քոչարյանը նախ եկավ, գրանցվեց Ազգային ժողովում, ապա արագ հեռացավ։ Նա գնացել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, մինչ այդ ՔՊ խմբակցությունը միահամուռ կերպով ԱԺ այգում ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի մոտ։ Անցած տարի նա ներկայացավ ՔՊ-ի հետ, հետո նոր գնաց Եռաբլուր։
Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վերջին շրջանում դժգոհություններ է հայտնում թե՛ ՔՊ խմբակցության աշխատանքի, թե՛ ուժային կառույցների գործունեության և թե՛ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա տարբեր միջավայրերում դժգոհում է, որ պետական համակարգում և խորհրդարանում բավարար պրոֆեսիոնալիզմ չի ցուցաբերվում։
Այս ամենի հիմքում, հնարավոր է, նաև անձնական դժգոհություն կա։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը կորցնելը Քոչարյանին զրկել է այն ազդեցությունից, որն ուներ նախորդ խորհրդարանում։ Այժմ նա շարունակում է աշխատանքը որպես շարքային պատգամավոր, ինչը անցանկալի է Քոչարյանի համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։