Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՅակուզան (Yakuza) Ճապոնիայի կազմակերպված հանցավոր խմբերի ընդհանուր անվանումն է։ Դրանք պատմականորեն հայտնի են եղել խիստ հիերարխիայով, խմբային հավատարմությամբ, ներքին կանոններով և Ճապոնիայի որոշ տնտեսական ու հասարակական ոլորտների վրա ունեցած ազդեցությամբ։ Այն երբեմն համեմատվում է իտալական մաֆիայի հետ, բայց ունի իր առանձնահատուկ ճապոնական պատմությունը։ Այն նաև հաճախ է պատկերվում ֆիլմերում և տեսախաղերում, որտեղ իրական հանցավոր գործունեությունը երբեմն ռոմանտիկացվում է։
Յակուզան մեկ օրում հիմնադրված կազմակերպություն չէ։ Ներկայիս ժամանակակից խմբերի պատմական նախորդները ձևավորվել են Ճապոնիայում հիմնականում Էդոյի ժամանակաշրջանում (1603–1868)։ Դրանք ներառում էին երկու տարբեր տեսակի խմբեր։ Տեկիան (Tekiya) փողոցային վաճառականների և տոնավաճառների շուրջ ձևավորված խմբեր էին։ Որոշ խմբեր վերահսկում էին առևտրի տարածքները, իսկ ժամանակի ընթացքում դրանց մի մասը ներգրավվել է հարկադրանքի և այլ հանցավոր գործունեության մեջ: Իսկ Բակուտոն (Bakuto) ավանդական խաղադրույքների և խաղերի շուրջ ձևավորված խմբեր էին։ Դրանցից որոշներն էլ դարձել են ժամանակակից յակուզայի պատմական նախորդները։ Այս խմբերը տարբեր էին ծագմամբ և գործունեությամբ, ուստի ճիշտ չէ ենթադրել, թե բոլոր տեկիաներն ու բակուտոները հանցագործներ էին։ Ժամանակի ընթացքում դրանց որոշ կառույցներ են զարգացել դեպի ավելի կազմակերպված հանցավոր ցանցեր։
1868-ից հետո սկսվել է Յակուզայի արդիականացման շրջանը: Ճապոնիայի արագ տնտեսական և հասարակական փոփոխությունների պայմաններում որոշ խմբեր ընդլայնվել են կապեր հաստատելով աշխատուժի միջնորդության, շուկաների և տարբեր բիզնեսների հետ։ 1945-ին՝ պատերազմից հետո տնտեսական անկայունությունն ու սև շուկան են նպաստել հանցավոր խմբերի ազդեցության աճին։
Յակուզայի ազդեցության գագաթնակետը եղել է 1960-ականներին: Նրա անդամների և հարակից անձանց ընդհանուր թիվը 1963 թվականին հասել է մոտ 184,100-ի ըստ Ճապոնիայի ոստիկանության տվյալների։ 1992 թվականից հետո հանցավոր խմբերի գործունեությունը սահմանափակող օրենքներն ու հետագա միջոցառումները դժվարացրել են Յակուզայի տնտեսական գործունեությունը և հասարակական կապերը։ 2000-ականներից էլ սկսվել է երկարատև անկումը: Անդամների թիվը շարունակաբար նվազել է, իսկ Ճապոնիայում աճող խնդիր է դարձել նաև ավելի ցանցային ու անկայուն հանցավոր խմբերի գործունեությունը։
Իսկ ինչո՞ւ է այդ կազմակերպությունը կոչվում Yakuza: «Յակուզա» անվան ծագման ամենահայտնի բացատրությունը կապվում է ճապոնական թղթախաղի մի անհաջող համադրության հետ՝ 8–9–3։ Ճապոներենում այդ թվերը արտասանվում են յա–կու–զա։ Որոշ խաղային ավանդույթներում այդ համադրությունը համարվում է անարժեք կամ ամենաանբարենպաստը։ Հետագայում այդ բառը կապվել է հասարակության լուսանցքում գտնվող խմբերի հետ։ Սա անվան ծագման ընդունված բացատրությունն է, թեև դրա պատմական մանրամասները բոլոր աղբյուրներում միատեսակ չեն ներկայացվում։ Յակուզայի ավանդական խմբերը կազմակերպվել են հիերարխիկ սկզբունքով՝ ընտանիքի նմանվող հարաբերություններով, Օյաբուն (Oyabun) խմբի ղեկավարն է, ով ներկայացվում է որպես «հայր», իսկ կրտսերները որպես «որդիներ»։
Լինում են տարբեր աստիճանների ղեկավարներ ու անդամներ: Յակուզայի որոշ անդամներ հայտնի են մարմնի մեծ հատվածներ ծածկող ճապոնական ավանդական դաջվածքներով։ Դրանք երբեմն ծառայել են որպես խմբային պատկանելության կամ անձնական պատմության խորհրդանիշ, բայց դաջվածք ունեցող յուրաքանչյուր ճապոնացի, բնականաբար, յակուզայի անդամ չէ։ Ընդ որում դաջվածքների պատկերները խորհրդանշական են՝ վիշապները, կարպ ձկներ, ծաղիկներ, դիցաբանական կերպարներ և այլն, որոնք հանդիպում են ճապոնական ավանդական արվեստում։ Յակուզայի հետ դրանց կապը չի նշանակում, որ այդ պատկերներն ի սկզբանե ստեղծվել են հանցավոր խմբերի համար։
Յակուզան մեկ միասնական կազմակերպություն չէ։ Այն բաղկացած է առանձին խմբավորումներից, որոնք կարող են մրցակցել միմյանց հետ։ Yamaguchi-gumi–ին (Յամագուչի-գումի) Ճապոնիայի ամենամեծ և պատմականորեն ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկն է, որի կենտրոնը Կոբե քաղաքն է։ Sumiyoshi-kai–ն (Սումիյոշի-կայ) Տոկիոյի հետ կապված խոշոր խմբավորումներից է, որն ունի ցանցային ներքին կառուցվածք։ Inagawa-kai–ն (Ինագավա-կայ) Ճապոնիայի խոշոր ավանդական խմբավորումներից մեկն է, որի գործունեությունը պատմականորեն կապված է Տոկիոյի և հարակից շրջանների հետ։ Ներկայումս էլ այս խմբավորումները շարունակում են հիշատակվել Ճապոնիայի կազմակերպված հանցավորության վերաբերյալ պաշտոնական և լրագրողական հաշվետվություններում։
Հայաստանում Յակուզայի պաշտոնական մասնաճյուղի կամ հաստատված մշտական կառույցի գոյության վերաբերյալ վստահելի հրապարակային ապացույցներ չկան։ Իհարկե, այդ կազմակերպության միջազգային կապեր հնարավոր են տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանում: Այստեղ կարևոր է չշփոթել ճապոնական մշակույթի, դաջվածքների կամ Յակուզայի մասին ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունը իրական հանցավոր կազմակերպության գործունեության հետ։
Կ.Խաչիկյան