Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇորթ-տրեկը (ռուսերեն шорт-трек, անգլերեն short track speed skating) արագասահքի տեսակ է, որտեղ մի քանի մարզիկներ միաժամանակ մրցում են փոքր, փակ սառցադաշտի վրա։ Ի տարբերություն դասական արագասահքի, որտեղ մարզիկները սովորաբար մրցում են զույգերով և հաշվարկվում է արագությունը, շորթ-տրեկում մարզիկները պայքարում են միմյանց դեմ նույն վազքուղու վրա։ Այստեղ հաղթողը սովորաբար նա է, ով առաջինն է հատում վերջնագիծը, ուստի արագությունից բացի հսկայական նշանակություն ունեն տակտիկան, դիրքի ընտրությունը, արգելափակումներից խուսափելը և շրջադարձերի ճիշտ օգտագործումը։ Ժամանակակից մրցումների հիմնական անհատական տարածություններն են 500 մ, 1000 մ և 1500 մ։ Կան նաև կանանց 3000 մ փոխանցումավազք, տղամարդկանց 5000 մ փոխանցումավազք, խառը թիմային փոխանցումավազք։
Շորթ-տրեկի արմատները կապված են ԱՄՆ-ում և Կանադայում XIX դարի վերջից և XX դարի սկզբից տարածված «pack-style»՝ խմբակային մեկնարկով արագասահքի մրցումների հետ։ Եվրոպական արագասահքում մարզիկները հիմնականում մրցում էին զույգերով, բայց Հյուսիսային Ամերիկայում, սակայն, ավելի տարածված դարձավ մի քանի մարզիկների միաժամանակյա մեկնարկով մրցավազքը։ Հենց այդ մոտեցումն էլ հետագայում դարձավ ժամանակակից շորթ-տրեկի հիմքը։ Հյուսիսային Ամերիկայում նմանատիպ «pack-style» մրցումներ անցկացվում էին արդեն 1905 թվականից։ Դրանք հանդիսատեսի համար շատ գրավիչ էին, քանի որ մրցավազքը ընթանում էր անմիջական պայքարով, ոչ թե պարզապես ըստ ժամացույցի։ Դասական արագասահքի միջազգային մրցումները սովորաբար անցկացվում էին 400 մ երկարությամբ մեծ օվալաձև վազքուղիներում։ Հյուսիսային Ամերիկայում, սակայն, շատ մրցումներ սկսեցին անցկացվել փակ մարզասրահներում, հատկապես այնպիսի սառցադաշտերում, որոնք նախատեսված էին հոկեյի համար։ Հոկեյի սառցադաշտը շատ ավելի փոքր է, և այդ պատճառով անհրաժեշտ էր ստեղծել ավելի կարճ շրջանաձև մրցուղի։ Ժամանակի ընթացքում հենց այդ պայմանները ձևավորեցին շորթ-տրեկի ժամանակակից առանձնահատկությունը, այն է փոքր սառցադաշտ + կարճ շրջան + միաժամանակ մրցող մարզիկների խումբ։
Հետաքրքիր փաստ է այն, որ 1932 թվականի Լեյք-Փլեսիդի Ձմեռային Օլիմպիական խաղերում արագասահքի մրցումները անց են կացվել հենց հյուսիսամերիկյան խմբակային մեկնարկի ձևաչափով։ Սակայն այդ ձևաչափը հետագայում կրկին դուրս եկավ Օլիմպիական ծրագրից և երկար ժամանակ չօգտագործվեց Օլիմպիական արագասահքի հիմնական մրցումներում։ Շորթ-տրեկի զարգացման կարևորագույն տարեթիվը 1967 թվականն է։ Այդ տարի International Skating Union (ISU)-ն պաշտոնապես ճանաչել է շորթ-տրեկը որպես առանձին մարզաձև։ Սակայն միջազգային պաշտոնական մրցումները անմիջապես չեն սկսվել․ առաջին համաշխարհային մակարդակի մրցաշարը անցկացվել է միայն մի քանի տարի անց։ 1976 թվականին անցկացվել է շորթ-տրեկի առաջին միջազգային աշխարհի առաջնությունը։ Իսկ 1981 թվականին անցկացվել է առաջին պաշտոնական մրցաշարը։ Այդ պահից շորթ-տրեկը սկսել է արագ զարգանալ որպես առանձին միջազգային մրցակցային մարզաձև։ Հետագա տարիներին այն տարածվել է Հյուսիսային Ամերիկայից դեպի Եվրոպա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան և այլ երկրներ։ Հատկապես Արևելյան Ասիան է հետագայում դարձել շորթ-տրեկի գլխավոր կենտրոններից մեկը։
Շորթ-տրեկը չափազանց արագ մարզաձև է, որոշ մրցավազքեր կարող են ավարտվել մոտ 40 վայրկյանում, իսկ մարզիկների արագությունը կարող է մոտենալ 50 կմ/ժ-ին։
Մարզիկներն օգտագործում են սաղավարտ, ձեռնոցներ և մարմնի այլ պաշտպանիչ միջոցներ։ Շատ կարևոր են նաև հատուկ շորթ-տրեկի չմուշկները։ Փոխանցումավազքում մարզիկները պարզապես փայտիկ չեն փոխանցում, ինչպես ատլետիկայում։ Նրանք միմյանց ֆիզիկական հրումով փոխանցում են արագությունը, ինչը շորթ-տրեկի ամենատպավորիչ դրվագներից է։

Կ.Խաչիկյան