Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի հանրային-քաղաքական միջավայրում ակնհայտ է դառնում, որ հասարակությունը աստիճանաբար դուրս է գալիս իշխանական քարոզչական թմբիրից։ Մարդիկ պարզապես հոգնել են։ Սա առավել ցայտուն է դրսևորվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների օրինակով. բազմաթիվ համայնքներում թեկնածուների առաջադրումներ գրեթե չեն լինում, քանի որ տեղական գործիչները, գիտակցելով իշխանական լծակների ճնշումը, ուղղակի խուսափում են գործ ունենալ պետական համակարգի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Շատերը գերադասում են ընդհանրապես չմասնակցել քաղաքական գործընթացներին, քան ընկնել պետական-վարչական մամլիչի տակ։
Իրավիճակն այնքան է խորացել, որ հասել է անգամ արևմտյան գործընկերների դժգոհությանն ու զայրույթին։ Արևմուտքում, ըստ ամենայնի, սկսել են հրապարակային ու բաց արտահայտվել իրենց տեղական խոսափողների միջոցով։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում, ի մասնավորի, վերջին օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեին հնչած կոշտ քննադատությունը։ Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր գրառմամբ ԿԸՀ-ին կոչ էր արել չունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ, ընտրություններին չթողնել մասսայական ընտրակաշառք բաժանողներին և դադարել վախենալ քաղաքական ուժերի ֆինանսավորման վերահսկողությունից։ Նա հանձնաժողովին հորդորել էր ամեն առավոտ կարդալ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի վերջին 6 բառերը, չսպանել ընտրությունների լավ կազմակերպման ավանդույթը, հասկանալ, թե ինչու առողջ ու անառողջ ընդդիմադիր ուժերը համարյա չեն մասնակցում ընտրություններին և ինչպես խրախուսել քաղաքական բազմազանությունը ՏԻՄ-երում, ինչպես նաև չնախաձեռնել ընտրախախտումների հնարավորություն բացող օրենսդրական փոփոխություններ ու չանել անլուրջ կոչեր։
Կարևոր է նկատել, որ սա շարքային ՀԿ-ի ղեկավարի կամ փոքր դրամաշնորհային ծրագիր իրականացնողի հայտարարություն չէ։ Դանիել Իոաննիսյանն այն ֆիգուրներից մեկն է, որի միջոցով Արևմուտքը Հայաստանում իրականացնում և վերահսկում է համակարգային ու գլոբալ ռեֆորմներ, այդ թվում՝ ոստիկանության բարեփոխումների առանցքային ծրագրերը։ Հետևաբար, նրա և պետական ինստիտուտի միջև ծավալված այս հրապարակային «փոխհրաձգությունը» սովորական տեղական վեճ չէ, այլ արտացոլում է Արևմուտքի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։ Արևմտյան կենտրոնները հենց իրենց առանցքային ծրագրերն իրականացնողների միջոցով են ուղիղ մեսիջներ հղում Փաշինյանի թիմին։
Այս հրապարակային հակադրության խորքային պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է առաջին հերթին արձանագրել երկու առանցքային գործոն:
Առաջին՝ արևմտյան մայրաքաղաքներում վերջնականապես ֆիքսել են, որ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահպանելու և քաղաքական գոյատևումն ապահովելու նպատակով փորձում է ռևերանսներ անել դեպի Մոսկվա և վերագտնել Ռուսաստանի հետ երբեմնի հարաբերությունները։ Այս երկդիմի քաղաքականությունն ու արտաքին վեկտորների միջև տատանումները այլևս չեն վրիպում արևմտյան գործընկերների աչքից։ Արդյունքում՝ Փաշինյանն արագորեն կորցնում է վստահության այն պաշարը, որն ուներ 2018 թվականից ի վեր։ Առանցքային ծրագրեր իրականացնող գործիչների միջոցով հնչող կոշտ քննադատությունը ոչ այլ ինչ է, քան կոնկրետ հանրային ազդանշան առ այն, որ քաղաքական «երկու աթոռի վրա նստելու» և ժողովրդավարական ռեֆորմների անվան տակ աշխարհաքաղաքական առևտուր անելու ժամանակն ավարտված է։
Երկրորդ՝ երկրի ներքին քաղաքական կյանքում Փաշինյանի հակաժողովրդավարական վարքագիծը, վարչական ռեսուրսի անհամաչափ կիրառումը, ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումներն ու բռնաճնշումների ալիքը հասել են մի կրիտիկական կետի, որն այլևս հնարավոր չէ քողարկել «ժողովրդավարության բաստիոնի» մասին թեզերով։ Երկար տարիներ արևմտյան համայնքը, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, աչք էր փակում իշխանությունների ապօրինությունների, ընտրական համակարգի խաթարումների և ինստիտուտների յուրացման վրա։ Սակայն այսօր համբերության բաժակը լցվել է։ Վարչապետի այն արդարացումները, թե՝ «մի՛ քվեարկեք վարչական ռեսուրս կիրառողների օգտին» կամ «կոնկրետ դեպքեր ասեք, որ զբաղվեմ», արդեն ընկալվում են որպես անլուրջ ու պատասխանատվությունից խուսափելու փորձեր։
Այսպիսով, ԿԸՀ-ի և քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների միջև ծավալված հրապարակային հակադրությունը ոչ թե մասնավոր միջադեպ է, այլ Արևմուտքի և Փաշինյանի վարչախմբի միջև խզման ակնհայտ ու խորացող դրսևորում։ Արևմուտքն անցնում է ուղղակի քայլերի՝ հստակ ցույց տալով, որ այլևս պատրաստ չէ լինել Հայաստանում ավտորիտար հակումների և ընտրական խախտումների լռել յայն հովանավորը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում