Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգությունների պատճառով։ Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այն ամենը, ինչի մասին ես ձեզ պատմեցի, և ինչի շնորհիվ երկուշաբթի օրվանից հաջողվեց վերականգնել հանգստությունը, չի պահանջում արտակարգ դրության մտցնում», - Կատար կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ բողոքի ակցիաների ֆոնին հոկտեմբերի 17-ին և 18-ին երկրում տեղի ունեցած անկարգությունները: Մակրոնի հայտարարությունը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Մակրոնը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմը կարող է թույլ տալ գործադիր իշխանությանը օպերատիվ միջոցներ ձեռնարկել դեկրետների հիման վրա՝ շրջանցելով խորհրդարանը, սակայն արդեն 12 օր անց դրա երկարաձգման համար միևնույն է պահանջվելու է համապատասխան օրենք ընդունել: Նա հստակեցրել է, որ տեղական իշխանություններն իրավասություն ունեն պարետային ժամ մտցնելու կամ հանրային ակցիաներն արգելելու նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու:
«Անշուշտ, եթե իրավիճակը դա պահանջի, մենք կարող ենք դիմել դրան: Բայց մենք ձգտում ենք հանգստության վերականգնմանը տոկունության, կարգուկանոնի ապահովման միջոցառումների, ինչպես նաև [բողոքավորների] օրինական պահանջների շուրջ երկխոսության միջոցով», - ասել է նա:
Մակրոնը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի վարչապետի, ոլորտային նախարարների և ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրեն կներկայացվի ամբողջական զեկույց հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած իրադարձությունների և իրավիճակի նման անբարենպաստ զարգացման պատճառների մասին:
Նա նաև խոստացել է, որ Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին նախատեսված բողոքի ցույցերի նոր շարքի ընթացքում իրավապահ մարմինները չեն թույլտվի անկարգությունների կրկնություն քաղաքների կենտրոնում: Դրա համար կձեռնարկվեն անվտանգության ապահովման և օպերատիվ տեղեկատվության հավաքագրման ուժեղացված միջոցներ, մինչդեռ կառավարության ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն բանակցություններ կվարի արհմիությունների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են անցկացվել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ: Կազմակերպիչների գնահատմամբ՝ ակցիաներին մասնակցել է 800,000 մարդ, թեև ՆԳՆ-ն հաշվարկել է 550,000: Մի քանի քաղաքում ելույթները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ինչպես հայտնել է արդարադատության նախարար Ժերալդ Դարմանանը, հոկտեմբերի 17-ին թալանվել է մոտ 3,000 խանութ, ձերբակալվել է ավելի քան 2,500 մարդ: