Rybar հեռագրային ալիք. Ադրբեջանը գաղտնի օկուպացնում է Հայաստանի սահմանամերձ տարածքները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՉնայած օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը ադրբեջանական բանակը ոչ միայն չի հեռանում Հայաստանի տարածքի գրավված հատվածներից, այլ նաև ամրացնում է իր դիրքերն այնտեղ։ Որպես ապացույց Rybar հեռագրային ալիքը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հենակետերի ընդլայնումը Ջերմուկի մոտ և Տավուշի մարզի Այգեպար գյուղի հարակից տարածքում, գրում է eadaily.com–ը։
Բանակցություններում թե՛ Բաքուն, թե՛ Երևանը պաշտոնապես հիմնվում են, ի թիվս այլ փաստաթղթերի, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից կազմված 1974 թվականի տեղագրական քարտեզի վրա։ Սակայն, դատելով այդ քարտեզից, ադրբեջանական ուժերը տեղակայված են հայկական հողի վրա։ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Ջերմուկի տարածք 2022 թվականին գրավելով մոտ 70 քառակուսի կիլոմետր։ Այդ ժամանակվանից էլ սկսվել ինժեներական աշխատանքներ, իսկ լուսանկարները վկայում են, որ 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դիրքային ենթակառուցվածքներն ընդլայնվել են։ Դիրքերը տեղակայված են Արփա և Որոտան գետերի կիրճերի միջև։ Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Տավուշի մարզի հյուսիսարևելյան սահմանների երկայնքով: Այնտեղ, 2024 թվականի գարնանը սահմանազատման գործընթացի մեկնարկին զուգահեռ, Այգեպար գյուղի մոտ նկատվել է դիրքերի ամրացում, որոնք մոտ 500 մետր խորությամբ ներթափանցել են Հայաստանի տարածք։ Մինչև 2026 թվականի ամառն այնտեղ ևս ընդլայնվել են ռազմական ենթակառուցվածքները։ Ջերմուկն ու Տավուշը միակ տարածքները չեն, որտեղ ընթանում է ադրբեջանական ուժերի կողմից «սողացող օկուպացիա», 2021 թվականի ներխուժումից հետո նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի սահմանագծի երկայնքով։
Թեև սահմանային բազմաթիվ հատվածների պատկանելությունը կարող է վիճարկելի լինել, բայց խորհրդային շրջանի քարտեզների վրա հիմնվելը պարզապես ձևականություն է դառնում. Բաքուն օգտագործում է ժամանակի ընթացքն ու հայկական իշխանությունների անգործությունը սողացող օկուպացիայով: Հայաստանի իշխանությունները հերքում են երկրի ինքնիշխան տարածքի օկուպացիան փաստացի ցույց տալով, որ Երևանը լուռ համաձայնում է սահմանային ռազմավարական դիրքերի զիջմանը։ Երկարաժամկետ հեռանկարում դա միայն ամրապնդում է Ադրբեջանի ռազմական գերիշխանությունը և հարձակողական ներուժի մեծացման միջոցով լծակներ ստեղծում Հայաստանի սահմանագծի ողջ երկայնքով, եզրակացրել է Rybar-ը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am