Մասնագետ. Հայաստանի տնտեսությունը չի դիմանա ռուսական գազի գների բարձրացմանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանի տնտեսությունը չի կարողանա բնականոն գործել, գրում է infox.ru–ն։
Նա կարծում է, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման և ապրանքների թանկացման, քանի որ գազը անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի և ջեռուցման արտադրության համար։ Այդ իրավիճակը կարող է առաջացնել գնաճային պարույր, հատկապես հաշվի առնելով բնակչության գնողունակության անկումը։ «Ես լիովին վստահ եմ, որ Հայաստանի համար էներգակիրների գները անխուսափելիորեն կբարձրանան։ Ռուսաստանը վարպետորեն է օգտագործում գազային դիվանագիտությունը միջազգային հանրության հետ հարաբերություններում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը բացառություն կլինի», - նշել է Մանասերյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հայկական «Հրապարակ» թերթը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Ռուսաստանը կարող է նոյեմբերի 1-ից դադարեցնել բնական գազի մատակարարումը Հայաստան։ Թերթի տվյալներով գազի գների բարձրացման փոխարեն անգամ գազի մատակարարումը կարող էն ամբողջությամբ դադարեցվել։ «Հրապարակը» պնդել է, որ Մոսկվան, իբր, մի շարք պահանջներ է ներկայացրել Երևանին նման զարգացումը կանխելու համար։ Սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը անվանել է «աղետալի սցենար»։ Նա ասել է, որ դա կարող է դանդաղեցնել տնտեսական աճը և սրել գնաճը։ Հաշվի առնելով ռուսական գազի մատակարարման հնարավոր գնի բարձրացումը կամ լիակատար դադարեցումը, ՀՀ կառավարությունն արդեն սկսել է ուսումնասիրել այլընտրանքային էներգիայի աղբյուրները։ Դրանք ներառում են Իրանից գազի ներմուծումը և այնպիսի վերականգնվող էներգիայի աղբյուրների, ինչպիսիք են արևային և քամու էներգիան, զարգացումը։ Սակայն այդ միջոցառումները պահանջում են ժամանակ և զգալի ներդրումներ, որոնք կարճաժամկետ հեռանկարում լիովին չեն փոխարինի ռուսական գազին։
Մասնագետները նաև զգուշացրել են էժան էներգիայից կախված խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների համար հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են հանգեցնել արտադրության կրճատման և գործազրկության աճի։ Եթե տնտեսական իրավիճակը վատթարանա, սոցիալական լարվածությունը կաճի, իսկ աղքատության մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ։ Միջազգային ֆինանսական հաստատությունները կոչ են անում Հայաստանին իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ և դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ոլորտը ներմուծվող էներգիայից կախվածությունը նվազեցնելու և երկարաժամկետ տնտեսական կայունություն ապահովելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am