Հայ փորձագետը գնահատել է Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը հայտարարել է, որ հայկական կողմին պակասում է հետևողականությունն ու սկզբունքայնությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, և քննադատել է Երևանի Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը, հայտնում է Sputnik Armenia-ն, գրում է ritmeurasia.ru–ն։ Նրա գնահատմամբ կարճատես որոշումների պատճառով Հայաստանն արդեն կորցրել է մոտ 1 միլիարդ դոլար (86 միլիարդ ռուբլի)։ «Ռուսաստանն ունի իր ազգային շահերը, և այդ տեսանկյունից պահանջ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին. որոշեք ո՞ւմ հետ եք ցանկանում դաշնակցել, բայց դա մի արեք իմ հաշվին, ինչո՞ւ եք թշնամական տրամադրվածություն ստեղծում Ռուսաստանի նկատմամբ։ Պարտադիր չէ «եղբայրներ» լինել, բայց պետք էլ չէ թշնամաբար տրամադրվել մի երկրի հանդեպ, որի հետ նույնիսկ ԱՄՆ-ը նախընտրում է չսրել հարաբերությունները»,- նշել է փորձագետը։
Նրա կարծիքով այն պաշտոնյաները, որոնց որոշումները հանգեցրել են ստեղծված իրավիճակին, պետք է պատասխանատվության ենթարկվեն հասցված տնտեսական վնասի համար: Իսկ հետևանքները հատկապես ծանր են եղել գյուղատնտեսական արտադրողների և արտահանողների համար։
Մանասերյանի դժգոհությունները դուրս են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակից: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք չեն կատարում նաև եվրոպացի գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունները։
«Ինը տարի շարունակ մենք խոստանում ենք նրանց, որ կդադարեցնենք ատոմակայանի շահագործումը համաձայն 2017 թվականի նոյեմբերի 23-ի CEPA համաձայնագրի, և կփոխենք հայկական կոնյակի անվանումը։ Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն հիմա ազատականացնի վիզային ռեժիմը, եթե մենք ազնիվ չենք նրանց հետ»,- ասել է տնտեսագետը։ Նրա գնահատմամբ թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելը կոնկրետ պահանջներ են ներկայացնում Երևանին, սակայն Հայաստանի իշխանությունները հույս ունեն մանևրել այդ երկու ուժային կենտրոնների միջև, ինչը ռազմավարություն է, որը լրացուցիչ տնտեսական ռիսկեր է ստեղծում հատկապես էներգակիրների գների հնարավոր բարձրացման պատճառով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am