«Փաստ չէ, որ եթե ԱՄՆ-ը Հայաստանում ռազմակայան բացի ռուսները կհեռանան»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱմերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները (ՄՌԸ), ինչպես նաև հետախուզական և այլ ենթակառուցվածքներ կարող են հայտնվել Հայաստանում «Թրամփի երթուղու» նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության պատճառով, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, գրում է svpressa.ru–ն։ Նա նաև նշել է, որ «Թրամփի երթուղու» գործում հայկական կողմի մասնաբաժինը կազմելու է ընդամենը 26%, ինչը նշանակում է, որ Երևանը, անշուշտ, չի ունենա վերահսկիչ փաթեթ (թեև կարող է ունենալ արգելափակող փաթեթ)։ Այս գործոնը, բնականաբար, «կասկածի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով տեղափոխվող բեռների անվտանգությունը»։ Շևցովը նաև կարծիք է հայտնել, որ վերահսկելով երթուղին Վաշինգտոնը հանրապետության տարածքում ստեղծում է «պետություն պետության ներսում»։ «Փաստացի, Հայաստանում ստեղծվում է նոր «պետություն պետության ներսում»՝ հետգաղութային դասական մոդելներով, ինչպիսիք արևմտյան ուժերը նախկինում մեծ քանակությամբ ստեղծել են նախկին խորհրդային հանրապետություններում»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Արդյո՞ք սա նշանակում է, որ կան լուրջ հիմքեր մտավախություն ունենալու նման սցենարի իրականացման վերաբերյալ։ Այսօր ՄՌԸ-ներ, վաղը ամերիկյան ռազմակայան, իսկ ի՞նչ կլինի ռուսական ռազմակայանի հետ։ «Նման սցենարի իրականացման հավանականությունը բավականին մեծ է,- պնդում է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Դմիտրի Եժովը, — ԱՄՆ-ը խաղադրույք է կատարում համաշխարհային ռեսուրսների նկատմամբ լիակատար վերահսկողության վրա, և այսպես կոչված «Թրամփի երթուղին» ստեղծվում է հիմնականում հենց դրան հասնելու նպատակով։ Ակնհայտ է, որ նման նախագծերում ներգրավված պետությունները կլինեն այն երկրները, որոնց հնարավոր է վերահսկել, և այս համատեքստում Հայաստանը դրա վառ օրինակն է։ «Պետություն պետության ներսում» ստեղծելու հեռանկարը միջազգային անվտանգության տեսանկյունից խիստ խնդրահարույց է թվում, բայց այդ սցենարի իրականացման ընթացքում մասնավոր ռազմական ընկերությունների և ենթակառուցվածքային որոշակի տարրերի ի հայտ գալը թվում է գրեթե անխուսափելի, նույնիսկ եթե մանրամասները կարող են տարբերվել։ Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ ռազմակայանի հայտնվելու հնարավորությանը, ապա նման սցենարը հիպոթետիկորեն հնարավոր է, եթե Փաշինյանը վերջնականապես շրջադարձ կատարի դեպի Արևմուտք և հրաժարվի Ռուսաստանի հետ լիարժեք համագործակցությունից։ Սակայն պետք է խոստովանել, որ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խզումից հայկական պետությունն ավելի շատ կկորցնի, քան կշահի»:
«Ամերիկյան ՄՌԸ-ների հայտնվելու հավանականությունը Հայաստանում այն բանից հետո, երբ «Թրամփի երթուղին» գործարկվի, մոտ է 100%-ի, — կարծում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Վլադիմիր Սապունովը, — ամենուր, որտեղ առկա է ամերիկյան լոգիստիկ բիզնես, այդ թվում երթուղու անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններ, անպայման հայտնվում է ամերիկյան ՄՌԸ։ Հետևաբար, քննարկումը պետք է վերաբերի ոչ թե դրանց ժամանման հավանականությանը, այլ նրան, թե կոնկրետ ո՞ր ՄՌԸ-ները կարող են ներգրավվել այդ խնդրի իրականացման համար»։ Եվ, իհարկե, գրեթե երաշխավորված է Constellis Holdings-ի մասնակցությունը։ Այնտեղ հավանաբար կհայտնվի նաև երկրորդ մասնավոր ռազմական ընկերությունը՝ RTX-ը (նախկինում DynCorp): Այն մասնագիտացած է լայնածավալ նյութատեխնիկական ապահովման, ենթակառուցվածքների սպասարկման և մշտադիտարկման համակարգերի ներդրման ոլորտում: Այն, փաստացի, հանդիսանում է ԱՄՆ կառավարության հիմնական կապալառուն արտերկրում թիկունքային անվտանգության ենթակառուցվածքների տեղակայման գործում: Երրորդ ընկերությունը, որի ներգրավումը ևս գրեթե կանխորոշված է, MPRI-ն է: Այս ընկերությունը մասնագիտացած է ռազմական խորհրդատվության, ինչպես նաև ռազմավարական պլանավորման և հրամանատարական-կառավարման համակարգերի ինտեգրման ոլորտում: Հարկ է նշել, որ այս ընկերության ղեկավար կազմը ավանդաբար ձևավորվում է բարձրաստիճան պաշտոնաթող գեներալների և այլ սպաների շարքերից: Նախնական փուլում կպահանջվի ոչ թե գրոհային կամ բացառապես մարտական ուղղվածությունը, այլ վերլուծությանն ու ուսուցմանը, ինչպես նաև հրամանատարական կետերի և բեռների տեղաշարժի մշտադիտարկման համակարգերի տեղակայումը»։
svpressa.ru.– Այսինքն Հայաստանն իրականում կորցնո՞ւմ է վերահսկողությունն իր տարածքի մի մասի, իր ինքնիշխանության մի մասի նկատմամբ։ Թուրքիան և Ադրբեջանը չե՞ն առարկի։ Նրանք համաձա՞յն են դրան։
— Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի առարկի, այլ նաև կողջունի ամերիկյան ՄՌԸ-ների ժամանումը: Ի վերջո, Հայաստանից ռուսական ուժերը դուրս մղելու համատեքստում ամերիկացիները կծառայեն որպես յուրօրինակ հակակշիռ։ Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ նրանք շատ գոհ կլինեն։ Նրանց համար գլխավորն այն է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը հնարավորություն է տալիս բեռների անխափան տեղափոխում իրականացնել շրջանցելով թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը։
svpressa.ru.– Որքա՞ն է հավանականությունը, որ ՄՌԸ-ներից հետո կհայտնվի նաև ամերիկյան ռազմակայան։
— Դե, ԱՄՆ-ի համար հատկապես Հայաստանում ռազմակայան տեղակայելու հրատապ անհրաժեշտություն չկա (քանի որ դա հեշտությամբ կարելի է անել Ադրբեջանում), սակայն հաշվի առնելով այն, որ միջանցքն ունի 49 կմ երկարություն, ԱՄՆ-ը ծրագրում ունի մեծ մասնաբաժին, միանգամայն հնարավոր է, որ նրանք ցանկանան այնտեղ բազա հիմնել։ Դա թույլ կտա նրանց ճնշում գործադրել Գյումրիի և Երևանի մերձակայքում գտնվող «Էրեբունի» ավիաբազայի վրա։ Վաշինգտոնի և Բրյուսելի բարեհաճությանն արժանանալու Փաշինյանի հիվանդագին ձգտումը լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանում տեղակայված մեր ռազմակայանի համար։ Բնականաբար, մենք չենք կարող դուրս գալ այնտեղից հաշվի առնելով այն, որ Հայաստանը գտնվում է մեր պատմական և աշխարհաքաղաքական շահերի գոտում։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այս իրավիճակը կբարդացնի այնտեղ տեղակայված մեր զորքերի գործը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am