Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի նախորդ համարում անդրադարձել էինք գիտության ոլորտին պետբյուջեի հատկացումներին, կառավարության մոտեցումներին, խոստումների և իրականության սուր հակասություններին: Շարունակելով թեման՝ այս անգամ հատկապես ուշադրության առարկա կդարձնենք արդի ժամանակաշրջանում գիտության դերին ու նշանակությանը, ըստ այդմ՝ մրցակցային պետություն լինելու հնարավորություններին, ինչպես նաև պաշտպանունակության և անվտանգության ոլորտներում գիտության «ներկայությանը», ինչպես նաև այն հարցին, թե ինչի կարող է հանգեցնել գիտության խեղճացումը:

Ժամանակակից տնտեսությունների մրցունակությունը հիմնված է գիտելիքի վրա՝ ինժեներական լուծումների, արհեստական բանականության, կիսահաղորդչային տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի, դեղագործության, ռազմական տեխնոլոգիաների, էներգետիկ համակարգերի, նյութագիտության, տվյալագիտության, գյուղատնտեսական նորարարությունների և կառավարման գիտությունների վրա։ Եթե Հայաստանը ցանկանում է ունենալ կայուն և ինքնուրույն տնտեսություն, ապա պետք է էական ներդրումներ անի ոչ միայն պատրաստի տեխնոլոգիաների ներմուծման, այլ նաև սեփական գիտական և ինժեներական կարողությունների ստեղծման մեջ։ Հակառակ դեպքում երկիրը կմնա սպառող, ոչ թե ստեղծող․ կգնի ուրիշների տեխնոլոգիաները, կախված կլինի ուրիշների գիտելիքից, կարտահանի մարդկային կապիտալը և կներմուծի պատրաստի լուծումներ։ Սա փոքր պետության համար վտանգավոր մոդել է, որովհետև արտաքին կախվածությունը միայն էներգետիկ կամ ռազմական չէ, այլ նաև գիտելիքային։

Գիտությունը պաշտպանունակության հիմքն է։ Վերջին տարիների պատերազմները ցույց են տվել, որ ռազմական առավելությունը ավելի ու ավելի շատ կախված է տեխնոլոգիայից, տվյալների մշակումից, անօդաչու համակարգերից, սենսորներից, կապի անվտանգությունից, արհեստական բանականության կիրառությունից, էլեկտրոնային պայքարից, նյութերի որակից, տեղորոշման համակարգերից, կիբեռանվտանգությունից և արագ ինժեներական մտածողությունից։ Եթե պետությունը չունի ուժեղ գիտական և տեխնոլոգիական բազա, ապա նույնիսկ մեծ ռազմական ծախսերը կարող են արդյունավետ չլինել, որովհետև բանակը դառնում է արտաքին մատակարարների արտադրանքի սպառող։ Իսկ եթե գիտական միջավայրը կապվում է պաշտպանական արդյունաբերության, համալսարանների, ստարտափների և պետական պատվերների հետ, ապա հնարավոր է ստեղծել տեղական լուծումներ, արագ արձագանքել մարտահրավերներին և կառուցել ինքնուրույն կարողություններ։

Այստեղ գիտության ֆինանսավորման կրճատումը ուղիղ հակասության մեջ է մտնում անվտանգության մասին խոսքերի հետ։ Անվտանգությունը միայն դիրքերում կանգնած զինվորը չէ։ Անվտանգությունը նաև այն գիտնականն է, որը մշակում է նոր նյութ, այն ինժեները, որը ստեղծում է կառավարման համակարգ, այն մաթեմատիկոսը, որը գրում է ալգորիթմ, այն պատմաբանը, որը ձևակերպում է իրավական փաստարկ, այն սոցիոլոգը, որը վերլուծում է հասարակության դիմադրողականությունը, այն լեզվաբանը, որը պահպանում է լեզվական ինքնությունը, այն բժիշկը, որը զարգացնում է կենսաբժշկական հետազոտությունը։ Պետությունը, որը չի տեսնում այս կապերը, անվտանգության մասին ունի մակերեսային պատկերացում։

Գիտության նկատմամբ ուշադրության պակասը խոր կապ ունի նաև իշխանության և քննադատական մտքի հարաբերության հետ։ Գիտությունը իր բնույթով հարց տվող, կասկածող, ստուգող, ապացույց պահանջող և սխալը բացահայտող գործունեություն է։ Գիտական մտածողությունը հակված է չընդունել պատրաստի քաղաքական ձևակերպումները, չհավատալ քարոզչական պարզեցումներին, պահանջել տվյալներ, մեթոդաբանություն, հաշվետվողականություն և պատճառահետևանքային վերլուծություն։ Այդ պատճառով քաղաքական իշխանությունների համար զարգացած գիտական միջավայրը երբեմն ընկալվում է ոչ թե որպես պետության ուժ, այլ որպես անհարմարություն։ Քննադատող գիտնականը կարող է հարցնել՝ արդյո՞ք կրթական բարեփոխումն արդյունավետ է, արդյո՞ք տնտեսական քաղաքականությունը հիմնված է տվյալների վրա, արդյո՞ք անվտանգային որոշումները համապատասխան վերլուծություն են ունեցել, արդյո՞ք հանրային միջոցները ծախսվում են արդյունավետ, արդյո՞ք պաշտոնական վիճակագրությունը ճիշտ է մեկնաբանվում։

Եթե իշխանությունը չունի բավարար ինքնավստահություն և ինստիտուցիոնալ մշակույթ, այն կարող է նախընտրել ոչ թե ուժեղ, այլ հնազանդ գիտությունը՝ այնպիսի գիտական միջավայրը, որը շատ հարցեր չի տալիս, քաղաքական որոշումների հիմքերը չի վիճարկում, չի պահանջում որակյալ քննարկում և բավարարվում է նվազագույն գոյատևմամբ։ Սա վտանգավոր է, որովհետև գիտության խեղճացումը վերջնականապես խեղճացնում է նաև պետությունը։ Հնազանդ գիտությունը չի կարող ստեղծել համարձակ գաղափարներ, չի կարող ձևավորել նոր տեխնոլոգիաներ, չի կարող պաշտպանել ազգային շահը, չի կարող կրթել ազատ քաղաքացիներ։

Այս համատեքստում հատկապես սուր է գիտնականի սոցիալական կարգավիճակի հարցը։ Հայաստանում տարիներ շարունակ գիտաշխատողների, դասախոսների, հետազոտողների և ակադեմիական ինստիտուտների աշխատակիցների վարձատրությունը եղել է այնպիսի մակարդակի, որը մեծամասամբ չի համապատասխանում նրանց կրթության, փորձի, միջազգային աշխատանքի և մտավոր ներդրման արժեքին։

Մարդը, որ տասնամյակներ սովորել է, պաշտպանել գիտական աստիճան, ստեղծել գիտական արդյունք, պատրաստել ուսանողներ, մասնակցել միջազգային համագործակցության, հաճախ ստիպված է գոյատևել համեստ աշխատավարձով՝ միաժամանակ լսելով, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացվում են սրընթաց, վարչական ապարատը մեծ ծախսեր ունի, իսկ բազմաթիվ պաշտոնյաներ չունեն այն մասնագիտական պատրաստվածությունը, որը պահանջվում է իրենց ոլորտի բարդությունը հասկանալու համար։

Այս հակադրությունը ոչ միայն նյութական, այլև բարոյական խնդիր է։ Երբ պետությունը բարձր է վճարում պաշտոնյային, որը կարող է չունենալ խոր մասնագիտական կրթություն կամ պետական կառավարման լուրջ փորձ, բայց խնայողություն է անում գիտնականի վրա, որն իր կյանքը նվիրել է գիտելիքի ստեղծմանը, այն հասարակությանը փոխանցում է արժեքային ազդակ՝ իշխանությունը կարևոր է, գիտելիքը՝ երկրորդական։ Այդպիսի ազդակը քայքայում է կրթության և գիտության հեղինակությունը։ Երիտասարդը տեսնում է, որ շատ սովորելը, գիտությամբ զբաղվելը, բարդ հետազոտություն կատարելը չի ապահովում արժանապատիվ կյանք, մինչդեռ քաղաքական հնարավորությունները, վարչական դիրքը կամ հանրային, առավել ևս՝ քաղաքական կապերը կարող են շատ ավելի արագ սոցիալական առաջընթաց ապահովել։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի միջակության խրախուսում և տաղանդների արտահոսք։

Ուղեղների արտահոսքը Հայաստանի գիտության ամենամեծ սպառնալիքներից է։ Երբ երիտասարդ գիտնականը Հայաստանում չի տեսնում կայուն ֆինանսավորում, արդար մրցույթ, ժամանակակից լաբորատորիա, արժանապատիվ աշխատավարձ, գիտական անկախություն և ապագայի կանխատեսելիություն, նա սկսում է որոնել հնարավորություն արտասահմանում։ Եվ հաճախ գնում է ոչ թե այն պատճառով, որ չի սիրում իր երկիրը, այլ որովհետև պետությունը չի ստեղծում պայմաններ, որ նա մնա և աշխատի։ Ուղեղների արտահոսքը միայն մարդկանց ֆիզիկական հեռանալը չէ, այն նաև գիտական դպրոցների գործունեության խզումն է, ուսանողների մենթորների կորուստը, լաբորատոր նախագծերի դադարեցումը, ինստիտուտների ծերացումը, միջազգային կապերի թուլացումը և մտավոր ինքնավստահության անկումը։

Մեկ լավ գիտնականի պատրաստումը տևում է տարիներ, երբեմն տասնամյակներ, իսկ նրա հեռացումը կարող է տեղի ունենալ մեկ որոշմամբ, մեկ չստացված դրամաշնորհով, մեկ նվաստացուցիչ աշխատավարձով կամ մեկ անարդար մրցույթով։ Պետության համար ամենաթանկ կորուստներից մեկը հենց սա է, որովհետև շենքերը կարելի է նորոգել, սարքավորումները կարելի է գնել, բայց գիտական դպրոցը, վստահությունը, փորձը և սերունդների կապը շատ ավելի դժվար է վերականգնել։

Գիտության ոլորտի ներսում նույնպես կան խնդիրներ, և դրանք պետք է ազնվորեն ընդունել։ Չի կարելի ամբողջ պատասխանատվությունը դնել միայն պետության վրա և չտեսնել, որ որոշ ինստիտուտներում կան իներտություն, ձևականություն, սերնդափոխության դժվարություններ, փակ խմբային հարաբերություններ, միջակության պաշտպանություն, թույլ միջազգայնացում, երիտասարդների նկատմամբ անարդար վերաբերմունք, անարդյունավետ կառավարման մեխանիզմներ, երբեմն նաև գիտական որակի խնդիրներ։

Բայց ճիշտ քաղաքականությունը ոչ թե այս խնդիրները որպես պատրվակ օգտագործելն է ֆինանսավորումը կրճատելու համար, այլ բարեփոխումներն ու ֆինանսավորումը համատեղելը։ Եթե ոլորտն ունի թերություններ, պետք է ներդնել մրցակցային, թափանցիկ, բայց արդար մեխանիզմներ, ապահովել անկախ փորձաքննություն, տարբերել ուղղությունների առանձնահատկությունները, խրախուսել երիտասարդներին, վերապատրաստել կառավարման համակարգը, բացել միջազգային համագործակցության դռներ, բայց միաժամանակ չքայքայել ոլորտի նյութական հիմքը։

Գիտությունը կարելի է բարեփոխել միայն այն դեպքում, երբ այն չի գտնվում գոյատևման ռեժիմում։ Քաղցած գիտնականից անհնար է պահանջել Նոբել յան մակարդակի արդյունք, անապահով լաբորատորիայից անհնար է ակնկալել համաշխարհային մրցունակություն, իսկ անընդհատ կրճատվող բյուջեից անհնար է կառուցել երկարաժամկետ ռազմավարություն։ Այն հասարակությունը, որը կորցնում է գիտնականի հեղինակությունը, աստիճանաբար կորցնում է մտավոր զարգացվածությունը։ Հանրային տարածքը լցվում է ոչ թե գիտելիքով, այլ կարծիքներով, ոչ թե փաստարկով, այլ աղմուկով, ոչ թե հետազոտությամբ, այլ քարոզչությամբ։

Եթե գիտնականը սոցիալականորեն անտեսված է, նրա խոսքը դառնում է քիչ լսելի, իսկ որոշումների կայացման դաշտը գրավում են քաղաքական տեխնոլոգները, պատահական մեկնաբանները, կուսակցական շահերը և հանրային հույզերը։ Սա հատկապես վտանգավոր է Հայաստանի համար, որը կանգնած է բարդ անվտանգային, ժողովրդագրական, կրթական, տնտեսական և ինքնության մարտահրավերների առաջ։ Առանց ուժեղ գիտական վերլուծության պետությունը չի կարող ճիշտ կանխատեսել ռիսկերը, չի կարող մշակել արդյունավետ քաղաքականություն, չի կարող գնահատել իր սխալները և չի կարող սովորել պատմությունից։ Գիտության թուլացումը նշանակում է պետական որոշումների որակի անկում։ Իսկ պետական սխալ որոշումները փոքր երկրների համար կարող են ունենալ անհամեմատ ավելի ծանր հետևանքներ, քան մեծ պետությունների համար։

Գիտության նկատմամբ անուշադրությունը նաև կրթական համակարգի վրա է ազդում։ Բարձրագույն կրթությունը չի կարող ուժեղ լինել առանց գիտության։ Համալսարանը, որը չի արտադրում գիտելիք, վերածվում է պարզապես դիպլոմ տվող կառույցի։ Դասախոսը, որը չի զբաղվում հետազոտությամբ, աստիճանաբար կորցնում է իր ոլորտի կենդանի զարգացումներին մասնակցելու կարողությունը։ Ուսանողը, որը չի տեսնում հետազոտական միջավայր, ըստ այդմ՝ չի սովորում հարց տալ, փորձարկել, ապացուցել, սխալվել և նորից փորձել։ Եթե գիտությունը թուլանում է, ապա թուլանում է նաև կրթությունը, իսկ եթե կրթությունը թուլանում է, հաջորդ սերունդը մտնում է տնտեսություն, պետական համակարգ և հասարակական կյանք ավելի թույլ պատրաստվածությամբ։

Սա երկարաժամկետ աղետ է, որը միանգամից չի երևում, բայց տարիներ անց արտահայտվում է կառավարման սխալներով, տեխնոլոգիական հետամնացությամբ, մասնագիտական պակասով, հանրային մանիպուլ յացիաների աճով և ազգային մրցունակության անկմամբ։

Գիտության բյուջեն կրճատելը կարող է կարճաժամկետում թվալ ֆինանսական խնայողություն, բայց երկարաժամկետում դառնալ շատ ավելի մեծ ծախս՝ կորցրած հնարավորությունների, արտագաղթած մասնագետների, չստեղծված տեխնոլոգիաների և չձևավորված գիտական դպրոցների տեսքով։ Հայաստանի համար գիտության հարցը, վերջիվերջո, գոյաբանական հարց է։ Մենք չենք կարող մրցել մեծ պետությունների հետ բնակչության թվով, տարածքով, բնական ռեսուրսներով կամ ֆինանսական ծավալներով, բայց կարող ենք մրցել մտքով, կազմակերպվածությամբ, գիտելիքով, ստեղծագործականությամբ և ճկունությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՇՎՏՄ-ի կողմից «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունըԱՄՀ–ն 2026 թվականին Հայաստանի համար 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Ինչի՞ մասին կարող է վկայել Թրամփի հոգևոր խորհրդատուի և Գարեգին Երկրորդի հանդիպումըԵվրոպական հանձնաժողովը կարող է մինչև տարեվերջ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 23-րդ փաթեթը. Politico Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա «Աստղիկ» ԲԿ-ում եռյակ է ծնվելԹրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»ՌԴ զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 13)Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Դոլարը էժանացել է, ռուբլին` թանկացել. փոխարժեքն` այսօր Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ
Ամենադիտված