Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ ընդդիմադիր գործիչ Արթուր Համբարձումյանը սոցիալական ցանցերում պարբերաբար նոր մանրամասներ է հրապարակում Հայաստանի ներկայիս իշխանությունների հակազգային որոշումների և կոռուպցիոն տարբեր գործողությունների վերաբերյալ։ eadaily.com–ի թղթակիցը զրուցել է նրա հետ:
— Արթուր, Դուք պնդում եք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չէր, այլ ընդամենը դրա բեմականացված նմանակումը։ Ինչպե՞ս, ի՞նչ նպատակով և ո՞ր ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության Հայաստանում։
— Կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին, առանց չափազանցության, մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ին տեղի ունեցածը ո՛չ «թավշյա» հեղափոխություն էր (ինչպես պնդում է Փաշինյանը), ո՛չ էլ «գունավոր» հեղափոխություն (ինչպես պնդում են Սերժ Սարգսյանի ճամբարի ներկայացուցիչները), ո՛չ էլ ադրբեջանա-թուրքական կամ ադրբեջանա-իսրայելական դավադրություն. դա պարզապես բեմականացված հեղափոխություն էր։ Կարո՞ղ եք նշել համաշխարհային պատմության մեջ մեկ այլ օրինակ, երբ հեղափոխությունից հետո նախկին նախագահն ապրել է նույն առանձնատանը, որտեղ ապրում է հեղափոխական առաջնորդը։ Կարո՞ղ եք նշել մեկ այլ դեպք, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները հեղափոխություն են կազմակերպել հենց այն վարչակարգի դեմ, որին ծառայում էին և որի կողմից հավաքագրվել էին։ Մի խոսքով դա հեղափոխության քողի տակ իրականացված անխոհեմ խաղադրույք էր, իսկ դրա հիմքում ընկած պատճառը Արցախի հարցն էր, պարզ և հստակ։
— Ձեր հրապարակային հայտարարություններում Դուք նաև պնդում եք, որ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրականում ավելի վաղ լուծարվել էր։ Խնդրում եմ բացատրել ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում և ինչո՞ւ դա տեղի ունեցավ։
— 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը փորձեց ինձ հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այդ վարքագծի պատճառներից մեկը ոչ լեգիտիմ խորհրդարանի դեմ իմ ընդդիմանալն էր։ Նրան չհաջողվեց լռեցնել ինձ, ուստի նա, կամ ավելի ճիշտ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որոշեց ցրել այն կուսակցական կառույցները, որտեղ ես լիարժեք անդամ էի: Իսկ դա փաստացի նշանակում է կուսակցության ապամոնտաժում: Արդեն ութ տարի է Հայաստանում ոչ մի լրագրող չի փորձել բարձրացնել կամ նույնիսկ հասկանալ այս խնդիրը։
— Դե, մենք փորձել ենք։ Իսկ ինչպե՞ս կգնահատեք վերջին խորհրդարանական ընտրությունները։ Շատերը պնդում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծել է քաղաքացիների կամքի արտահայտումը։ Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ։
— Դրանք կեղծվել էին դեռ մինչև քվեարկության օրը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները պետք է խոսեին իշխող ուժի թույլ տված ձախողումների և կատարած հանցագործությունների մասին։ Խնդրում եմ, ցույց տվեք ինձ որևէ հայտարարություն արված դաշնակցականների, Սամվել Կարապետյանի ներկայացուցիչների կամ ընտրություններին մասնակցած որևէ այլ ուժի կողմից, որը կվերաբերեր իմ բարձրացրած խնդիրներին։ Տաշիրից իմ մի ընկեր բանավեճերից անմիջապես առաջ այցելել էր ընդդիմադիր դաշինքի նախընտրական շտաբ և խնդրել պարզապես ցուցադրել իմ տեսանյութը կամ Նիկոլ Փաշինյանին ուղղել իմ հարցերից մեկը։ Պատասխանը պարզ էր. «Մենք չենք կարող դա անել»։
— Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը TRIPP նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանը համառորեն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Որո՞նք են նախագծի նպատակները, և որտե՞ղ է Հայաստանի շահը։
— Գիտեք, ամբողջ Հայաստանը փաստացի դարձել է բոլորի համար բաց տարանցիկ գոտի, և ես ցանկություն չունեմ «միջանցքի» մասին խոսել մի վայրի համատեքստում, որն արդեն իսկ հանրային տարանցիկ գոտի է։
— Հասկանալի է։ Վերջերս ակտիվացել է Գյումրիից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու թեման։ Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ տեղի կունենային տարածաշրջանում, եթե Մոսկվան որոշի դուրս բերել կայազորն ու սահմանապահներին։
— Ինչ վերաբերում է բազային, ապա Հայաստանում իշխանության բերված խմբի, ինչպես նաև նրանց արևմտյան համակարգողների արտաքին (և նույնիսկ ներքին) քաղաքականության հիմնական դրդապատճառներից մեկը եղել է (և մնում է) այնպիսի մեխանիզմների և նոր իրողության ստեղծումը, որոնք կնվազեցնեն Ռուսաստանի ազդեցությունը թե՛ տարածաշրջանում ընդհանրապես, թե՛ հատկապես Հայաստանում։ Եվ այս առումով 102-րդ ռազմաբազան հեռացնելը նրանց համար գրեթե սրբազան նշանակություն ունի։ Ահա և ամբողջ էությունը։
— Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընդդիմության արդյունավետությունը։
— Թույլ տվեք մի օրինակ բերել։ Ժամանակին Միլյուկովը ով ավելի ուշ՝ Փետրվարյան հեղափոխությունից հետո, զբաղեցրեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ընդդիմության շարքերում գտնվելիս նկատել էր, որ Ռուսաստանն ուներ ցարական ընդդիմություն, բայց ոչ թե ցարի դեմ ուղղված ընդդիմություն։ Մեզ մոտ էլ գրեթե նույն իրավիճակն է. կա Նիկոլի ընդդիմություն, բայց չկա Նիկոլի դեմ ուղղված ընդդիմություն։
— Ե՞րբ կանցկացվեն Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների հաջորդ ընտրությունները։ Ձեր կարծիքով ինչո՞ւ գյումրեցիները ակտիվորեն չպաշտպանեցին նախկինում ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ներկայումս կալանքի տակ է։
— Անկեղծ ասած չգիտեմ, թե երբ տեղի կունենան նոր ընտրությունները, կամ արդյոք դրանք արտահերթ կլինեն։ Դա մեծապես կախված է իշխանությունների կամքից։ Այստեղ կարևորն այլ բան է։ Հայաստանում տեղական ինքնակառավարման շատ հետաքրքիր համակարգ է ձևավորվել։ Շատ քաղաքներում իշխող ուժը պարտվում է քվեարկության արդյունքներով, սակայն տեղական իշխանությունը գրեթե միշտ մնում է նրանց ձեռքում։ Ինչ վերաբերում է հանրային աջակցությանը, ապա այո, կալանավորվեց ոչ միայն Գյումրիի քաղաքապետը, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը։ Ուղղակի դիմադրություն չեղավ, բայց հավատացեք, որ հազարավոր քաղաքացիներ խորը վրդովմունք ապրեցին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am