Երկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի համար Եվրամիության ժամանակավոր առևտրային արտոնությունները: Այս շաբաթ Մոսկվան հիշեցրել է, որ դաշնակցային կարգավիճակի վերանայումը կարող է արժենալ գագի արտոնյալ գնի վերանայման հնարավորությունը, իսկ Արարատյան դաշտում գյուղացիները փակել են միջքաղաքային ճանապարհը, քանի որ լոլիկի իրացման լուրջ խնդիր ունեն։ Այս երեք լուրերը առաջին հայացքից որևէ առնչություն չունեն միմյանց հետ: Սակայն սրանք հայկական արտահանման վերակողմնորոշման գործընթացն են նկարագրում, դրա օգուտները, ծախսերը։
Բրյուսելի խոստումը
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ Խորհրդի անունից Իռլանդիայի նախարար Թոմաս Բըրնը ստորագրել են կանոնակարգը, որը երկու տարով հայկական ապրանքների ընդարձակ, բայց ոչ ամբողջ արտահանվող տեսականու համար վերացնում է մաքսատուրքերը: Արտոնությունները տարածվում են ավելի քան 300 ապրանբախմբի վրա: Օրենսդրական ընթացակարգն անցել է արագացված կարգով՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 7-ը, իսկ փաստաթղթում ուղղակիորեն է նշվում, «Հայաստանում ստեղծված հրատապ իրավիճակը»: Ութ գյուղատնտեսական ապրանքատեսակի համար մաքսատուրքերը կվերացվեն միայն սակագնային քվոտաների սահմաններում: Դրանից բացի, կանոնակարգը պաշտպանական մեխանիզմներ է նախատեսում եվրոպացի արտադրոդների համար:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այս աջակցության պատճառը ձևակերպել է՝ առանց ավելորդ դիվանագիտական երանգների, «Մենք շատ հարցերում աջակցում ենք, որովհետև Ռուսաստանն արգելել է ներմուծումը ձեր երկրից»:
Մոսկվայի մոտեցումը
Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել հայկական ապրանքների ներմուծումը՝ սկզբում ձուկն ու ծաղիկները, ապա միրգ-բանջարեղենի որոշ տեսակներ, իսկ հունիսի 2-ից՝ կորիզավոր մրգերն ու խաղողը: Այս շաբաթ ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը ավելացրել է էներգետիկ հարթությունը: Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում սպառվող գազի ավելի քան 85%-ը՝ տարեկան մոտ 2,2-2,7 մլրդ խորանարդ մետր, հազար խորանարդ մետրի դիմաց սահմանին 177,5 դոլար ֆիքսված գնով: Կալուգինի խոսքով՝ դաշնակցային կարգավիճակը վերանայելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն դաշնակիցներին:
ժամկետն էլ է կարևոր. 2016 թ. կնքված գազային պայմանագիրը գործում է մինչև այս տարվա վերջ: Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը համոզված է, որ հունվարի 1-ից գազի գինը կբարձրանա, և հարևաններից ներմուծվող այլընտրանքը, նրա գնահատմամբ, կարող է մինչև երեք անգամ թանկ լինել:
Թվերը և իրողությունները՝ հողի վրա
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ հունվար-օգոստոսին հայկական ծագման արտադրանքի արտահանումը դեպի ԵՄ աճել է ավելի քան 69%-ով, և երկրի ամբողջ գյուղմթերքը «կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված, կա՛մ իրացված»: Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները՝ մեկ կիլոգրամի համար 2,2 դոլար արժեքով:
Վերին Դվինում ներկայացվող այս վարդագույն պատկերի հետ համաձայն չեն։ Համայնքը 50-60 հեկտարից սպասում է ավելի քան 2000 տոննա լոլիկ: Սակայն գյուղացիներից մեկը պատմում է, որ վաճառում է կիլոգրամը 25 դրամով և չգիտի, թե երբ կստանա գումարը: Բնակիչների բացատրությամբ՝ երբ խոշոր արտահանողները ռուսական սահմանափակումների պատճառով դժվարությունների բախվեցին, չարտահանված բերքը լցվել է ներքին շուկա, և փոքր տնտեսությունների արտադրանքը պարզապես չի վաճառվում:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եվրոպական արտոնությունները անվանում է «փրկօղակ», բայց զգուշացնում է, որ շատ արտադրողներ (այդ թվում՝ անհատ արտադրողները,-խմբ․) դեռ պատրաստ չեն արտահանմանը. չունեն պայմանագրեր և HACCP կամ ISO 22000 հավաստագրեր։ Կրիտիկական գնահատական է հնչեցնում նաև տնտեսագետ Հրայր Կամենդատյանը․ նրա խոսքով՝ հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնում էին Ռուսաստան, ԵՄ չեն գնալու:
Փոխարժեքի կայունություն՝ գյուղատնտեսության անկման ֆոնին
Դաշտերում տիրող անհանգիստ իրավիճակը չի սպառնում արժութային շուկային, որն այս շաբաթվա ընթացքում հանգիստ էր․ ԿԲ-ի սահմանած փոխարժեքով դոլարը տատանվել է 361,93-362,32 դրամի, եվրոն՝ 405,44-407,19 դրամի սահմաններում: Նման կայունությունը ոչ պակաս կարևոր է արտահանողի համար, որի եկամուտը եվրոյով է, իսկ ծախսերը՝ դրամով: Սակայն կայուն փոխարժեքը չի լուծում ստանդարտների, լոգիստիկայի և վաճառքի պայմանագրերի հարցը, որոնց բացակայությունն այս պահին ավելի մեծ խոչընդոտ է, քան արտարժույթի տատանումները։
Սրան զուգահեռ, Համաշխարհային բանկն այս շաբաթ բարձրացրել է Հայաստանի 2026 թ. աճի կանխատեսումը՝ մինչև 5,6%, բայց միաժամանակ նշել, որ գյուղատնտեսության ակտիվությունը նվազել է անբարենպաստ եղանակի և ռուսական սահմանափակումների պատճառով, իսկ աճի հիմնական շարժիչներն են ծառայություններն ու շինարարությունը:
Հարցեր, որոնց պատասխանը կորոշի հաջորդ երկու տարին
Արտոնությունների երկու տարին ոչ թե երաշխիք է, այլ ժամանակ է հարմարվելու համար՝ առաջարկվող նոր հնարավորություններին: Քանի՞ փոքր արտադրող կհասցնի հավաստագրվել: Ինչ կլինի գազի գնի հետ հունվարից հետո, և ինչպես դա կանդրադառնա գյուղատնտեսական՝ հատկապես ջերմողային արտադրանքի ինքնարժեքի վրա։ Եվ արդյոք եվրոպական ու արաբական շուկաների նոր հնարավորությունները կհասնեն Վերին Դվինի նման համայնքներին, թե կմնան խոշոր խաղացողների մենաշնորհը: Այս հարցերի պատասխանից է կախված՝ արդյոք արտահանման շրջադարձը կդառնա տնտեսության դիվերսիֆիկացիա, թե պարզապես կախվածության մի շուկայից մյուսով տեղափոխում: