Իսրայելցի ֆուտբոլիստը մեղադրվում է Իռլանդիայի հավաքականի մարզչի վրա թքելnւ մեջ
ՍՊՈՐՏԱզգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Սերբիայի Բաչկա-Տոպոլա քաղաքում կայացած Իսրայել-Իռլանդիա (1:1) հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն լարված պայքարով, այլև սկանդալային միջադեպով։
Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, ընդմիջմանը, երբ թիմերը շարժվելիս են եղել դեպի հանդերձարան, բախում է տեղի ունեցել։ The Irish Times-ի փոխանցմամբ՝ Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը թքել է իռլանդացիների ֆիզպատրաստության գծով ղեկավար Դեմիեն Դոյլի վրա։
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը հաստատել է մեղադրանքի փաստը, թեև նշել է, որ անձամբ չի տեսել դրվագը.
«Չեմ ցանկանում միջամտել, բայց այս երկու խաղերում լարվածությունն ու էմոցիաները չափազանց շատ էին։ Կար մեղադրանք, որ ինչ-որ մեկի վրա թքել են, բայց ես դա չեմ տեսել։ Ամենայն հավանականությամբ, միջադեպը կքննվի կարգապահական կոմիտեի կողմից։ Տպավորություն ունեի, որ նրանք խաղի հենց մեկնարկից փորձում էին վախեցնել մեզ։ Արժանին պետք է մատուցեմ իմ ֆուտբոլիստներին՝ հանգստություն պահպանելու համար։ Սա կարող էր դեղին ու կարմիր քարտերով առատ խաղ լինել, բայց մենք հավաքված էինք և կարողացանք վերահսկել էմոցիաները»,- իսլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Off The Ball-ը։
Իսրայելի հավաքականի գլխավոր մարզիչ Ռան Բեն-Շիմոնն իր հերթին հայտարարել է, որ ընդմիջմանն իր մարզչական շտաբի հետ եղել է հանդերձարանում և ոչինչ չի տեսել: Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիան հրաժարվել է մեկնաբանություններից:
Բեն-Շիմոնը հերքել է նաև այն խոսակցությունները, թե իր ֆուտբոլիստները միտումնավոր թիրախավորել և կոպիտ են խաղացել իռլանդացի կիսապաշտպան Ջեյսոն Մոլումբիի նկատմամբ (նախորդ խաղում Մոլումբին մրցավարին բողոքել էր իսրայելցի երկրպագուների ռասիստական վանկարկումներից).
«Ոչ մի անձնական բան չկա Մոլումբիի դեմ։ Մենք պարզապես փորձում էինք հաղթել բոլոր մենապայքարներում և 50-50 գնդակների պայքարում։ Մենք հատուկ չենք թիրախավորում ֆուտբոլիստների, մենք այդպիսի մարդիկ չենք»։
Խոսելով բուն հանդիպման մասին՝ իսրայելցի մասնագետն ընդգծել է, որ իր թիմն արժանի էր հաղթանակի և խաղադաշտում ավելի լավ տեսք ուներ, քան նախորդ շաբաթ Դեբրեցենում կրած 0:3 հաշվով պարտության ժամանակ: Հիշեցնենք, որ այս խաղում հաշիվը 11-մետրանոցից բացել էր իռլանդացի Տրոյ Պարոտը, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում Իսրայելի ավագ Դոր Պերեցը վերականգնել էր հավասարությունը:
Նշենք, որ այս դիմակայության երկու հանդիպումներն էլ անցկացվել են չեզոք գոտում (Հունգարիայում և Սերբիայում) ուշադրության կենտրոնում հայտնվելով նաև քաղաքական ենթատեքստի պատճառով։ Խաղերն ուղեկցվել են «Կանգնեցրեք խաղը» (Stop the Game) արշավի բողոքի ակցիաներով։ Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են մասնակցել նախախաղային արարողակարգերին և խոնարհել են գլուխները Իսրայելի օրհներգի ժամանակ։ Իսկ իսրայելցիները հոկտեմբերի 4-ի խաղին դաշտ էին դուրս եկել սև թևկապներով՝ ի հիշատակ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունների։
Ավելին, հանդիպումից հետո ՈւԵՖԱ-ի որոշմամբ իսրայելցի երկու լրագրողների արգելվել է ներկա գտնվել հետխաղյա ասուլիսին։ Պատճառն այն էր, որ նախորդ օրը նրանք քաղաքական հարցեր էին հնչեցրել և ռասիզմի մեջ մեղադրել իռլանդացի ֆուտբոլիստներին, ինչը Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի քարտուղարը որակել էր որպես «բացահայտ սուտ»: ՈւԵՖԱ-ն խստորեն նախազգուշացրել է, որ ասուլիսի ընթացքում պետք է հնչեն բացառապես ֆուտբոլային հարցեր։