Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական ուժերը գիշերը 170 հարվածային անօդաչուով հարվածել են Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 147-ը խոցվել է, սակայն հարվածներ են գրանցվել 18 վայրում։
Կիևում մեկ մարդ զոհվել է։ Սոլոմյանսկի շրջանում անօդաչուի հարվածից հրդեհներ են բռնկվել ավտոսպասարկման կայանում և ոչ բնակելի տարածքում, իսկ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են կին և երկու երեխա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածել է Vodafone բջջային օպերատորի տվյալների մշակման կենտրոնին՝ պնդելով, թե այն կապի և արագ ինտերնետի ծառայություններ էր տրամադրում ուկրաինական զինուժին։ Ուկրաինական կողմը վերջին օրերին ևս հայտնել է կապի ենթակառուցվածքների և տվյալների կենտրոնների դեմ ռուսական հարվածների մասին։
Օդեսայի մարզում ռուսական անօդաչուները հարվածել են Կիլիա քաղաքի նավահանգստային և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ այնտեղ տուժածներ չկան։
Միաժամանակ Օդեսայում ռուսական հարվածներից մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Զապորոժիեի մարզում Կամիշևախա և Նովոտավրիյսկոյե բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Սումիի մարզում ռուսական կառավարվող ավիառումբերի հարվածներից ևս երեք մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել, նրանց թվում՝ չորս անչափահաս։ Դոնեցկի մարզում հաղորդվում է երեք զոհի և հինգ վիրավորի մասին։