Մեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում Իսպանիայում
ՍՊՈՐՏԱրգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին սկզբունքային համաձայնության է եկել Իսպանիայի Սեգունդայում հանդես եկող «Էլդենսե» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու շուրջ: Սա 39-ամյա ֆուտբոլիստի արդեն երկրորդ նմանատիպ գործարքն է 2026 թվականի ընթացքում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ինտեր Մայամիի» աստղի իրավաբաններն արդեն որոշ ժամանակ բանակցություններ էին վարում ակումբի ներկայիս սեփականատերերի՝ Խուան Կառլոս Տրուխիլիոյի գլխավորած կոլումբիական TH ներդրումային խմբի հետ։ Ակնկալվում է, որ Մեսսին կգնի ակումբի բաժնետոմսերի 100%-ը՝ հանդես գալով որպես միակ ներդրող՝ առանց երրորդ անձանց կամ նախկին ֆուտբոլիստների ներգրավման։ Գործարքի պաշտոնական ավարտը կախված է Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհրդի (CSD) թույլտվությունից, որի ստացումից հետո այն կհայտարարվի առաջիկա օրերին։ Մեսսին կդառնա առաջին արգենտինացին, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի սեփականատեր կդառնա Իսպանիայում:
Ակումբի ընտրությունը պատահական չէ։ «Էլդենսեն» տեղակայված է Ալիկանտե նահանգի Էլդա քաղաքում, որը գտնվում է Կատալոնիայի հարևանությամբ։ Հենց այստեղ է Մեսսին ծրագրում հաստատվել կարիերան ավարտելուց հետո։ Ակումբն այս պահին ելույթ է ունենում Իսպանիայի ուժով երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում, սակայն մրցաշրջանի մեկնարկն անհաջող է ստացվել. անցկացրած տուրերից հետո թիմն ունի ընդամենը 2 միավոր և գտնվում է վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը:
Եթե գործարքը բարեհաջող ավարտվի, սա կլինի 2026 թվականին Մեսսիի կողմից ձեռք բերված երկրորդ ակումբը։ Ապրիլին նա արդեն դարձել էր կատալոնական «Կոռնելյայի» սեփականատերը։ Այս ակումբը, որը հանդես է գալիս Իսպանիայի ցածր դիվիզիոններից մեկում, հայտնի է իր հզոր ակադեմիայով, որտեղ ժամանակին կրթվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ժորդի Ալբան, Դավիդ Ռայան և Կեյտա Բալդեն:
Գործող և նախկին ֆուտբոլիստների կողմից ակումբներ գնելու պրակտիկան ավելի ու ավելի է տարածվում։ Կրիշտիանու Ռոնալդուն ունի իսպանական «Ալմերիայի» բաժնետոմսերի 25%-ը, Լուկա Մոդրիչն ու Զլատան Իբրահիմովիչը փոքրամասնական բաժնետերեր են համապատասխանաբար «Սուոնսիում» և «Համարբյուում»։ Կիլիան Մբապեն 2024-ին 15 մլն եվրոյով գնեց ֆրանսիական «Կանը», թեև այս նախագիծն առայժմ այնքան էլ հաջողված չէ։ Իսկ ահա Ժերար Պիկեն 2018-ին ձեռք բերեց ցածր դիվիզիոնում հանդես եկող «Անդորրան», որը նրա ղեկավարությամբ կարճ ժամանակում բարձրացավ Սեգունդա։