Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի իշխանությունները տարհանել են 5000 մարդու օրերս զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդեհի և դրա հետևանքով առաջացած պայթյունների պատճառով․ գրում է BSS News-ը՝ հավելելով, որ զոհեր չկան։
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունում նշվում է, որ հրդեհը բռնկվել է արևմտյան Գորանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող պահեստում։
Ըստ հաղորդագրության՝ Արտակարգ իրավիճակների և Պաշտպանության նախարարությունների աշխատակիցները, ոստիկանության և տեղական իշխանությունների հետ համատեղ, գործողություն են սկսել՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելով։
Հայտարարությունում նշվում է, որ մոտակայքում ապրող մարդիկ տարհանվել են՝ անվտանգության նկատառումներով։
Գորանբոյի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Սեյմուր Նազարովը նշել է, որ Նիզամիի և հարևան Խոյլու գյուղի բնակիչները տեղափոխվել են մոտակա տարածքներ։
«Տարհանվածների ընդհանուր թիվը 5000 է», – նշել է Նազարովը, որը ղեկավարում է շրջանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը։ Նա հավելել է, որ հրդեհը դեռևս շարունակվում է, և դեռևս լսվում են պատահական պայթյուններ, բայց աշխատանքներ են տարվում հրդեհի տարածումը կանխելու և այն մարելու համար։
Պաշտոնյայի խոսքով՝ ոչ մի տուն չի վնասվել, և մահեր, վիրավորներ կամ լուրջ կորուստներ չեն գրանցվել։