Ավտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի մեջտեղում շինարարական աշխատանքների համար տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին և մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մի քանի երկաթե ճաղավանդակներ շպրտվել էին։