Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում կայանված ավտոմեքենայի մոտ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված բնակավայրում հայտնաբերել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, որի կողքին էլ տղամարդու մարմին։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նաիրիի ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Համլետ Ա.-ն է։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նշված «Volkswagen»-ի վարորդն է եղել և իր կնոջ հետ ինչ-որ տեղ մեկնելիս են եղել, երբ ճանապարհին ինքնազգացողությունը վատացել է, կինը զանգահարել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։