Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով անցման համար 3 տոկոսից մինչև 7 տոկոս վճարը. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի և Օմանի ներկայացուցիչները Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակում քննարկում են նավերի տարանցման համար փոխադրվող բեռի հայտարարագրված արժեքի 3%-ից մինչև 7%-ի չափով գանձումների ներդրումը։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, իրանական կողմը պնդում է 5-7% չափով վճարի ներդրումը։ Օմանն առաջարկում է սահմանել ավելի ցածր դրույքաչափ՝ 3%։ Ընդ որում, Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է արտահայտվում Հորմուզի նեղուցով տարանցման համար հօգուտ Իրանի որևէ սպասարկման վճարի։ Պարսից ծոցի երկրները նույնպես պնդում են, որ նավատերերի կողմից ցանկացած վճարում, եթե դրանց շուրջ համաձայնություն ձեռք բերվի, պետք է կրի բացառապես կամավոր բնույթ։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Օմանի և Իրանի միջև ապագա համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, այդ հարցը կախված է լինելու ԱՄՆ-ի գործողություններից։