Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35 կմ հատվածում, Մեծամորում հայտնի «Արև» հանդիսությունների սրահի մոտ Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր և տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։