ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանին ռուսական շուկայի կորստի համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ արտադրողների հնարավորությունները եվրոպական շուկայում հենարան ձեռք բերելու համար փոքր են լոգիստիկ խոչընդոտների և ԵՄ խիստ չափանիշների պատճառով։ Նույնիսկ քաղաքական աջակցության դեպքում ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանին ռուսական շուկայի կորստի համար, կարծում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, գրում է tks.ru–ն։
Մասնագետի խոսքով՝ կան երկու լուրջ սահմանափակումներ՝ լոգիստիկան և ԵՄ ոչ սակագնային պահանջները, այսպես կոչված չափանիշները։ «Եվրամիությունն այժմ լրջորեն ներգրավվել է այս պայքարում և փորձում է ինչ-որ կերպ մեղմել հետևանքները, որպեսզի խուսափի այն տպավորությունից, որ Հայաստանը դիմել է Արևմուտքին և անմիջական կորուստներ է կրում, գոնե այս կարճաժամկետ, անհանգիստ ներքաղաքական շրջանում», - նշել է Միքայելյանը։
Նա նաև նշել է, որ Բրյուսելի արձագանքը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներին տարբերվում են 20 տարի առաջ Վրաստանի հետ կապված իրավիճակից։ Տնտեսագետի խոսքով ԵՄ ոչ սակագնային պահանջները այնքան համապարփակ են, որ դրանց համապատասխանությունը պահանջում է հսկայական ներդրումներ։ Նա վստահ է, որ այդ ստանդարտները, բացի բարձր որակի ապահովումից, հաճախ ուղղված են եվրոպական շուկայի պաշտպանությանը։ «Չեմ կարծում, որ մենք կկարողանանք իսկապես տեղ գտնել մեզ համար եվրոպական շուկայում, բայց գուցե արտահանման մեջ փոքր մասնաբաժին ձեռք բերենք։ Բայց դա էական չի լինի։ Նաև Եվրահանձնաժողովը, հավանաբար, չի կարողանա տեղ ապահովել Հայաստանի համար։ Գուցե փոքր մասնաբաժին կարողանա, բայց մենք չենք կարողանա նույնիսկ մոտենալ ռուսական շուկայի փոխհատուցմանը», - եզրափակել է տնտեսագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am