Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը
ՍՊՈՐՏՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանն արդեն միացել է իր նոր թիմակիցներին և սկսել նախապատրաստվել 2026/27 մրցաշրջանին։
Ակումբի մարզումներից տարածված կադրերում երևում է, որ հայ կիսապաշտպանը մարզվում է «8» համարի մարզաշապիկով. հենց այս խաղահամարի ներքո է նա հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Թեև ակումբը դեռ պաշտոնապես չի ներկայացրել նորեկների խաղահամարները, մեծ է հավանականությունը, որ ռուսական «Կրասնոդարի» նախկին ավագը նոր թիմում ևս ընտրել է իր համար խորհրդանշական դարձած խաղահամարը։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրած 185 հանդիպումներում դարձել է 58 գոլի և 44 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նախնական տվյալներով՝ սաուդյան ակումբը հայ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 25 միլիոն դոլար։ Նոր թիմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ՝ չհաշված հնարավոր հավելավճարներն ու բոնուսները։