Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորմուզի նեղուցով անվտանգ անցման համար բոլոր առևտրային նավերը պետք է հետևեն Իրանի նախանշած երթուղուն, հակառակ դեպքում կլինեն հետևանքներ, հայտարարել է Իրանի Զինված ուժերի Խաթամ ալ-Անբիյա կենտրոնական շտաբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
«Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կարժանանա զինված ուժերի վճռական և արագ արձագանքին: Հորմուզի նեղուցն ագրեսոր Ամերիկայի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի Իսլամական Հանրապետության անվիճելի ինքնիշխան տարածքը: Այս կենսականորեն կարևոր ջրային ուղու անվտանգությունն ու կայունության պահպանումն Իսլամական Իրանի հզոր զինված ուժերի համար կարմիր գիծ են», – ասվում է կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։
Իրանի զինված ուժերը նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին սխալ հաշվարկներ թույլ չտալ, քանի որ դա կոշտ պատասխանի կարժանանա:
«Մենք զգուշացնում ենք ուժեղ Իրանի թշնամիներին՝ մասնավորապես Միացյալ Նահանգներին, սիոնիստական ռեժիմին և նրանց տարածաշրջանային դաշնակիցներին, խուսափել ցանկացած սխալ հաշվարկից: Նրանք պետք է երկու անգամ մտածեն մեր սիրելի երկրի դեմ ցանկացած սպառնալիքից կամ ագրեսիայից առաջ», – ասվում է հայտարարության մեջ։
«Մենք լիովին պատրաստ ենք պաշտպանելու Իրանի Իսլամական Հանրապետության անկախությունն, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը», – հավելել են Խաթամ ալ-Անբիյա կենտրոնական շտաբում: