Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու վերաբերյալ Բրյուսելի դրույթները, քանի որ իրեն ասոցացնում է Եվրամիության և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական, դե, ինչպես հիմա ենք հասկանում, գործնական խնդիրն այն է, որ իրենց երկրների՝ իրենց միավորման երկրների քաղաքացիներն ապրեն ավելի վատ, այլ ոչ թե ավելի լավ: Դե, եթե Նիկոլ Վովայի Փաշինյանն իրեն ասոցացնում է հենց բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, հավանաբար նա ընկալում է նաև այդ կոչված դրույթները», - ասել է նա «Sputnik» ռադիոյի եթերում:
Ինչպես ընդգծել է Զախարովան, ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ, այն կառուցվում է հարգանքի և իրավահավասարության հիման վրա՝ ազատ շուկայի, ազնիվ մրցակցության և օրինականության սկզբունքներով:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ մաքսային միության մեջ գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա, սակայն դա վնասում է ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Պուտինը մայիսի 9-ին առաջարկել էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը: