Բաքուն ընդունել է, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը խաղաղության նախապայման է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը կապել է 2026 թվականի հունիսին նախատեսված Հայաստանի ընտրությունների արդյունքների հետ, գրում է eadaily.com–ը։
«Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում, կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում և, համապատասխանաբար, տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման գործում», - ասել է Ամիրբեկովը CNN Prima News-ին Չեխիա կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Բաքուն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ խաղաղության համաձայնագիրը պետք է օրինականացվի և աջակցվի երկարաժամկետ պարտավորությունների մանդատ ունեցող կառավարության կողմից։
Ադրբեջանը նաև շարունակում է պնդել Հայաստանի Սահմանադրության փոփոխության վրա։ Հարցը վերաբերում է Անկախության հռչակագրին հղումները բացառելուն, որը, ըստ Բաքվի, պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Ամիրբեկովը հայտարարել է, որ առանց այդ «իրավական խոչընդոտների» վերացման, խաղաղությունը չի կարող լինել երկարատև և անշրջելի։
2026 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններից առաջ էլ պայմանագրի ստորագրումը կառավարության օրակարգում է ։ Սակայն, դատելով Ամիրբեկովի խոսքերից, Բաքուն մտադիր է սպասել քվեարկության միջոցով Հայաստանի քաղաքական կուրսի վերջնական հաստատմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am