«Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համար
ՄՇԱԿՈՒՅԹԵրեկ՝ ապրիլի 16-ին, Կինոյի օրվա առթիվ կայացած «Անահիտ» մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմում Սպարապետի կերպարը մարմնավորելու համար:
Մրցանակը հանձնել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Նա ինստագրամյան իր էջում երեկոյից տեսանյութ է հրապարակել և մակագրել՝ «Ասենք շնորհավո՜ր»:
Հիշեցնենք՝ Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։
Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը հանձնվել է 12 անվանակարգում։ Մյուս անվանակարգերի հաղթողներին կներկայացնենք առաջիկայում: