Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ
ԻՐԱՎՈՒՆՔՓետրվարի 19-ին՝ ժամը 23։24-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող Միկոյան փողոցում ծեծկռտուք է եղել, երկու երիտասարդ գետնին ընկած են, մյուսները փախել են։
Շտապ դեպքի վայր էին մեկնել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ՝ ահազանգ էր ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել նույն տարածքի բնակիչ 27-ամյա երիտասարդի՝ «պոլիտրավմա՝ հարցականով» ախտորոշմամբ։
Քիչ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել էր ևս մեկ ահազանգ։ Նույն ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել նաև երիտասարդի 29-ամյա եղբայրը։
Մարմնական վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան արագ վարելու հարցի շուրջ երկու եղբայրների հետ վիճաբանել էին 18-ից 25-տարեկան 12 երիտասարդ, ու վեճն էլ վերաճել էր ծեծկռտուքի։
Դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզվել են, կան կալանավորվածներ։