ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել Իրաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը և զերծ մնալ Բաղդադում դիվանագիտական ներկայացուցչության ու Էրբիլում հյուպատոսության հարակից տարածքներ այցելելուց։ Այս մասին նշված է դեսպանատան պաշտոնական կայքում։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան Իրաքից։ Անվտանգությանը սպառնացող մշտական վտանգների պատճառով չի կարելի փորձել այցելել Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատուն կամ Էրբիլում ԱՄՆ հյուպատոսություն»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Դեսպանատունը նաև հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին ընդհանրապես զերծ մնալ Իրաք ուղևորություններից՝ նշելով, որ դիվանագիտական ներկայացուցչության տարածքը բազմիցս ենթարկվել է տարբեր ահաբեկչական խմբավորումների հարձակումներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատան շենքը։