Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է անգլիական ակումբների գրանցած անհաջող արդյունքներին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներում։
«Նախկինում Անգլիան աշխարհի լավագույն լիգան էր, մենք լավագույնն էինք: Բայց շաբաթվա կեսին տեղի ունեցածից հետո այլևս չի կարելի այդպես ասել: Ես միևնույն է վստահ եմ, որ մենք անհավանական լիգա ունենք, պարզապես կարող էինք շատ ավելի լավ հանդես գալ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 0-3 հաշվով զիջել է Մադրիդի «Ռեալին»: Մադրիդի «Ատլետիկոն» 5-2 հաշվով ջախջախել է Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ թուրքական «Գալաթասարայը» նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության է հասել «Լիվերպուլի» նկատմամբ:
Մեկ այլ դիմակայությունում Լոնդոնի «Արսենալին» հաջողվել է խուսափել Լևերկուզենի «Բայերի» դեմ արտագնա խաղում պարտությունից. լոնդոնցիները հանդիպման վերջնամասում հաշիվը հավասարեցրել են անվրեպ իրացրած 11-մետրանոց հարվածի շնորհիվ (1-1):
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի պատասխան խաղերը կկայանան մարտի 17-ին և 18-ին։