Երևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանը շուտով նախատեսում է սկսել մայրաքաղաքում ֆուտբոլի 16 բացօթյա դաշտերի շինարարությունը։
Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում, անդրադառնալով դպրոցներում մարզադահլիճների, ինչպես նաև մայրաքաղաքում բացօթյա ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերին, այս մասին տեղեկացրեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը
«Ունենք նախագծման ավարտի փուլում գտնվող 3 և 2 նախագծվող դպրոցական ֆիզկուլտուրայի դահլիճներ։ Ունենք ևս 16 ֆուտբոլի դաշտերի նախագծման ընթացք, որոնց բոլոր մրցույթները կայացել են և պլանավորում ենք շուտով արդեն անցնել շինարարությանը»,-մանրամասնեց Թևոսյանը։
Նրա ներկայացմամբ՝ անցած տարվա ծրագրերի շրջանակում հիմնովին նորոգվել և մարզագույքով համալրվել է Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը։