Թրամփի քաղաքականության «ուժային» մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի կուրսին․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականության մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի՝ բազմաբևեռ աշխարհի ձևավորման կուրսին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
«Թրամփը փորձառու քաղաքական գործիչ է, որն իր մոտեցումները հիմնավորում է բիզնեսի սկզբունքներով՝ կոշտ, անողոք բիզնեսի… Այն մեթոդները, որոնց նա դիմում է, բոլորովին չեն համընկնում բազմաբևեռ աշխարհի վերաբերյալ մեր մոտեցումներին», — ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հարցազրույցում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Դոնալդ Թրամփը կողմնակից է «ուժային» լուծումների։ «Գլխավորը, որ մենք այդպես չանենք», — եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։
Դմիտրի Պեսկովը նաև ուշադրություն է հրավիրել Եվրոպայում տարբեր արձագանքների վրա՝ կապված Դոնալդ Թրամփի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր նամակագրության հրապարակման հետ։
«Բոլոր եվրոպացիները բառացիորեն ոտքի կանգնեցին այն ֆոնի վրա, որ Թրամփը հրապարակեց Մակրոնի հետ իր նամակագրությունը», — ասել է նա։ Սակայն, հիշեցրել է Պեսկովը, երբ Ֆրանսիայի նախագահը նույնը արեց Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցից հետո, նման արձագանք չեղավ։ 2022 թվականի ամռանը ֆրանսիական ԶԼՄ-ները հրապարակեցին 2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների զրույցի գրառումը։