Վթար՝ Կոտայքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արամ Ս․-ն իր վարած «Volvo» մակնիշի «ցեմենտավոզով» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Ավետիսյանը և Նարեկ Ոսկանյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել ձյան շերտով և մերկասառույցով։