Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն
ԻՐԱՎՈՒՆՔՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։
Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։
Ի պատասխան՝ Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է նախ՝ 40, այնուհետև՝ 150 հազար դրամ կաշառք։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։