Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրան-ԱՄՆ բանակցություններ, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման փորձեր: Կարծիք կա, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացները փոխկապակցված են և ազդում են մեկը մյուսի վրա: Այս գործընթացներն ազդո՞ւմ են հայ-ադրբեջանական շփումների վրա: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն ասում է՝ ուղղակի պրոյեկցիայի մասին չենք կարող խոսել, որովհետև այդ գործընթացները բուն բանակցային տեսանկյունից քիչ ընդհանրություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հետ: «Իրար հետ էլ քիչ ընդհանրություն ունեն այս պարագայում, ավելի շատ ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխություններն են հանգեցնում ուժերի բալանսների փոփոխության, որոնք էլ իրենց հերթին տարածաշրջանում իրավիճակ կարող են փոխել: Այն, ինչ այսօր նկատում ենք Ուկրաինա-Ռուսաստան երկխոսության կոնտեքստում, ըստ էության, Թրամփի հայտարարած այդ քաղաքականությունն է, որը նա դեռ որպես նախընտրական խոստում տալիս էր՝ խոստանալով 24 ժամում կարգավորել հակամարտությունը, հետագայում, իհարկե, համոզվելով, որ դա այնքան էլ 24 ժամում լուծելի խնդիր չէ: Նույն իրավիճակն ունենք նաև Իրանի պարագայում: Թրամփն ի սկզբանե հայտարարեց դա սպառնալիքների լեզվով՝ այդ կերպ ճանապարհ բացելով դեպի երկխոսություն և փորձ՝ իրավիճակը կարգավորելու: Ամեն դեպքում այսօր ընդհանուր առմամբ Թրամփի որդեգրած քաղաքականությունն է՝ մի կողմից՝ հետ քաշվել տարբեր տարածաշրջաններից և անմիջական ներգրավում չունենալ այդ տարածաշրջաններում՝ ռեսուրսներ չծախսելով տարբեր տարածաշրջաններում իր անմիջական դերակատարումն ապահովելու համար, բայց մյուս կողմից՝ նաև ամենասկզբունքային կարևոր հարցերում, որտեղ կա գլոբալ աշխարհակարգի փոփոխության և աշխարհում ԱՄՆ կանոնները հաստատելու հարցեր, այնտեղ անմիջական ներգրավում ունենալ և ցույց տալ իր ֆիգուրի պատմականությունը, բերել պատմական փոփոխություններ գլոբալ աշխարհ: Դրա հետ մեկտեղ, անկախ նրանից, որ այսօր ունենք գործընթաց Ռուսաստանի և Ուկրաինայի մասով, ամեն դեպքում դեռ շատ վաղ է ասել, որ այդ գործընթացն անպայմանորեն հաջողելու է, որովհետև մի կողմից՝ տեսնում ենք, որ ամեն դեպքում թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն փորձում են դրական արտահայտվել այդ գործընթացի մասին, բայց դրան զուգահեռ, միևնույնն է, դեռևս չկա հրադադար, զոհեր կան երկու կողմերից էլ, շարունակվում է բավականին կոշտ հռետորաբանությունը և այլն:

Այնտեղ իրավիճակը բավականին անկայուն է և միանշանակ չէ, որ կհանգեցնի որոշակի արդյունքների: Նույնը վերաբերում է Իրանին: Այստեղ ևս ԱՄՆ-ն փորձում է օգտվել Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի թուլացումից և պարտադրել Իրանին որոշակի երկխոսություն, որտեղ ևս, անկախ նրանից, որ առաջին հանդիպումից հետո, կարծես թե, կողմերն ընդհանուր զգուշավոր որոշակի լավատեսություն հայտնեցին, բայց, ամեն դեպքում, դեռ շատ վաղ է ասել՝ այս երկխոսությունն արդյունքների կհանգեցնի՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում, սա Թրամփի օրակարգն է՝ ցույց տալ իր անձնական մեծ ազդեցությունը աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանը:

Ընդգծում է՝ Թրամփի քաղաքականությունը, որը հանգեցնում է իրավիճակի փոփոխությունների տարածաշրջանում, նախ ԱՄՆ անմիջական ներգրավման թուլացումն է, այդ թվում՝ Հարավային Կովկասում: «Եթե Բայդենի իշխանության վերջին շրջանում տեսնում էինք ԱՄՆ ներկայացուցիչների անմիջական ներգրավվածությունը, այցերը տարածաշրջան, Վաշինգտոնում կազմակերպվող բանակցությունները և այլն, այսօր ավելի շատ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները փորձում է տարբեր, այդ թվում՝ մեր տարածաշրջան պատվիրակել այլ երկրների, տվյալ դեպքում՝ ավելի շատ Թուրքիային: Մի կողմից՝ արձանագրում ենք Թուրքիայի դերի մեծացում, մյուս կողմից՝ ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը, Եվրոպայի թուլացումն այս իրավիճակում և ուշադրության ավելի շատ սևեռումը սեփական խնդիրների վրա և այլն, հանգեցնում են նրան, որ Ռուսաստանի ազդեցությունն իր հերթին տարածաշրջանում նորից վերականգնվում, ուժեղանում է, և սա ավելի շատ դառնում է հենց ռեգիոնալ ուժերի պայքարի և ազդեցությունների խնդիր, ոչ այնքան Արևմուտք-Ռուսաստան, որքան Ռուսաստան-Թուրքիա կոնտեքստում: Այստեղից էլ արդեն բխում են այն զարգացումները, որոնց մասին խոսում ենք տարածաշրջանում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ ունենք Հայաստան-Ադրբեջան երկխոսության առումով: «Առաջին՝ ոչ ոք իրականում չի ասել, որ Ադրբեջանն ուզում է խաղաղություն: Ադրբեջանն ուզում է իր նախապայմանների շարունակական կատարում, և քանի դեռ Հայաստանի իշխանությունը մեկը մյուսի հետևից կատարում է Ադրբեջանի պահանջները, առաջ են քաշվում նոր պահանջներ հարկադրանքի կիրառմամբ, սպառնալիքով՝ եթե չկատարեք պահանջները, կլինի այդ պահանջների կատարման ռազմական ճանապարհով պարտադրում: Ըստ էության, նույնին ականատես ենք լինում այսօր, երբ ագրեսիա իրականացրած, Հայաստանի տարածքները օկուպացրած, հայ քաղաքական, ռազմական գործիչներին և գերիներին իր բանտերում պահող Բաքուն ոչ թե ինքն է փորձում կառուցողական երևալ, այլ ի լուր աշխարհի Հայաստանին ստիպում է էլ ավելի մեծ զիջումների գնալ, հակառակ դեպքում սպառնում է նոր պատերազմով: Ինչ վերաբերում է սահմանային իրադարձություններին, դա, ըստ էության, դանդաղ ֆոնի պատրաստումն է, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի նախաձեռնել նոր ագրեսիա և դրա մեղքը գցել Հայաստանի վրա: Այդ հարցում նա ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը, ինչին ականատես ենք լինում անընդհատ, և վերջին օրերին Անթալիայում տեղի ունեցած, այսպես կոչված, բանակցությունները, երկխոսությունը հերթական դրսևորումն էին նրա, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանում պաշտպանել սեփական, ազգային, պետական շահերը և առաջ մղել որևէ օրակարգ, այլ անընդհատ արդարացողի, խաղաղություն մուրացողի, էլ ավելի կառուցողական երևալու ցանկություն ունեցողի դերում փորձում էին, իբրև թե, ինչ-որ հարցերի արձագանքել, պատասխանել, իսկ բոլոր պատասխաններն արտահայտվում էին պայմանները կատարելու պատրաստակամություն հայտնելու տեսքով: Անթալիայում Արարատ Միրզոյանը հերթական անգամ համաձայնություն էր տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, և դրան զուգահեռ սկսեցինք Ադրբեջանից տարբեր մակարդակներով կրկին լսել պահանջներ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, բայց այստեղ փորձ է արվում դա ներկայացնել այլ ձևակերպման ներքո: Օրինակ՝ միջանցքի տրամադրումը կլինի վստահության կառուցման միջոց, կամ խաղաղությունը պայմանավորել «փախստականների» իրավունքների վերականգնմամբ և Հայաստանում ադրբեջանցիների բնակվելով և այլն: Այսինքն, Հայաստանը համաձայնություն է տալիս սահմանված նախապայմաններին, Ադրբեջանն արդեն առաջ է քաշում նոր նախապայմաններ: Այդ ամբողջ հռետորաբանությունն ու քաղաքականությունը կառուցում են տրամաբանությամբ, որ Հայաստանը պետք է մեկը մյուսի հետևից բոլոր նախապայմանները կատարի և վայելում է Թուրքիայի լիակատար աջակցությունն այս հարցերում, որովհետև Հայաստանի հետ երկխոսության համար պատասխանատու Քըլըչը հայտարարում է, որ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի պայմանները»,-ընդգծում է փորձագետը:

Իսկ ո՞րն է Ադրբեջանին զսպող ուժը: «Ակնկալում ենք, որ չհակադրվենք, ու մեր փոխարեն ինչ-որ մեկը գա, Ադրբեջանին ստիպի զսպե՞լ սեփական ախորժակը: Կարծում եմ՝ դա առավել քան անտրամաբանական է: Եթե ինքդ քո շահերը չես պաշտպանում, ինչո՞ւ ես ակնկալում, որ ուրիշները պետք է գան և քո շահերը պաշտպանեն: Կամ՝ եթե ինքդ քո շահերը չես պաշտպանում, որքանո՞վ է տրամաբանական գնալ, Թուրքիային խնդրել, որ քո շահերը պաշտպանի, ինչն այսօր անում է Հայաստանի իշխանությունը՝ թեկուզ քողարկված ձևով ցույց տալով, որ հույսեր են փայփայում Թուրքիայի և Ադրբեջանի հետ կառուցողականության միջոցով խաղաղության հաստատման առումով: Ակնհայտ է, որ արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և մեկը մյուսի հետևից պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր ցանկություններն ու պահանջները»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ»
Ամենադիտված