Պայթյուն-փլուզում՝ Արարատի մարզում. վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատավան գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ նշված գյուղի Թումանյան փողոցի թիվ 91 տանը պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն-փլուզում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի գազի վարչության ծառայողները։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ,որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։