Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջին ձյունն այս տարի կարծես թե ժամանակից շուտ եկավ։ Եղանակը երեկ անակնկալ մատուցեց, սակայն հաճելի էր այն միայն փոքրիկների համար, իսկ վարորդների համար, որոնք օրինակ Լարսից պետք է գային Հայաստան, միանշանակ չստացված և տհաճ անակնկալ էր։
Երեկ Հանրապետության որոշ հատվածներում, ներառյալ մայրաքաղաք Երևանում տեղացել է ձյուն։
Առավոտյան ժամը 09։00-ին, ՀՀ ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ Աշոցքում բուք է։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը նույնպես դժվարանցանելի է, իսկ տեղ-տեղ էլ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար։
Նշենք, որ Շիրակի մարզում ձյան շերտի հաստությունը 30-40 սանտիմետրի է հասնում։
Երեկ ձյունն այնքան առատ է տեղացել, որ երեկ երեկոյան և այսօր կատարվում են ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին, նշենք, որ ձյուն տեղացել է Նոր Նորքի զանգվածում, Սարի թաղում, Զեյթունում, Աջափնյակում և այլ վարչական շրջաններում։ Չնայած նրան, որ մայրաքաղաքում ևս ձյուն է տեղացել, այն շատ արագ հալչել է։
Մանրամասները՝ տեսանյութում։