Տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով նոյեմբերի 30-ին ժամը՝ 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ հիշեցնելու ՀՀ  կառավարությանը, որ իրենց կողմից ընդունված բոլոր որոշումները բավարար չեն, ընդունելի չեն։ 

Նախաձեռնության հեղինակ Լիաննա Պետրոսյանը MediaHub-ին փոխանցեց, որ անհնազանդության ու բողոքի ակցիաներ չեն կազմակերպվելու, փոխարենը փորձելու են տեղահանվածների հետ միասին իրենց իրավունքները վերականգնել, որոնք Արցախում ադրբեջանցիների կողմից ոտնահարվելուց բացի՝ խախտվում են նաև Հայաստանում։ Երկրում, որն իր պաշտպանության տակ է վերցրել 100 հազարից ավելի մարդկանց, սակայն, Լիաննայի համոզմամբ, չի կատարում իր պարտավորությունները։ 

«Սա պարզապես 50 հազարի համար պայքար չէ, անձերի պայքար չէ, այլ մեր ընտանիքների վաղվա օրվա հարցն է, որի միակ պատասխանատուն մենք ինքներս ենք»,- ընդգծեց Լիաննան։ 

Կառավարության նոր որոշման համաձայն, 2025 թվականի ապրիլից կկրճատվի յուրաքանչյուր անձին՝ 40+10 հազար դրամի աջակցությունը, աջակցությունը կգործի հատուկ խմբերի համար։ Մեր զրուցակցի հավաստմամբ, սոցիալական աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև մարդիկ կապահովվեն սեփական տանիքով։

«Բնակապահովման ծրագիրը պետք է վերանայվի ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա։ Իրատեսական զբաղվածության ծրագրեր պիտի կյանքի կոչվեն։ Մեծ ջանքեր են պետք, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի մեր  իրավունքները»,- նշեց նա։

Կառավարությունը պատճառաբանում է, որ 25 հազար մարդ արդեն ունի աշխատանք։ Լիաննայի խոսքով՝ քաղիրավական պայմանագրով նրանց մեծ մասն աշխատել են որոշակի ժամկետով։

Աշխատավարձերը քիչ են, բնակվարձերը՝ անվերահսկելիորեն շատ։ Մարդիկ հայտնվելու են անելանելի վիճակում։ Հատկապես անմրցունակ տարիքի կանանց ու տղամարդկանց համար դժվար է գտնել աշխատանք ներկայիս աշխատաշուկայում։

Հունան Թադևոսյան