Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակը» գրում է․ Բարձրաստիճանների պաշտոնանկություններին զուգահեռ, համառորեն լուրեր են շրջանառվում, թե մանդատները վայր կդնեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։ Երկուսի նկատմամբ էլ ՔՊ վերահսկող հանձնաժողովում կարգապահական վարույթներ կան` հոկտեմբերի 15-ին ԱԺ հայտնի լսումների հետ կապված։ Աղազարյան-Քյարամյան լեզվակռվից հետո, հիշեցնենք, ելույթ ունեցավ նաեւ Զեյնալյանը՝ հորդորեց Քյարամյանին՝ վերանայել պահվածքը` իր աշխատասենյակում չէ, իր աշխատողների հետ չի շփվում, այլ՝ ԱԺ պատգամավորների։
Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի պատրաստվում մանդատը վայր դնել, կուսակցությունից էլ նման հորդոր չի ստացել․ «Գուցե նկատի ունեն հարուցված կարգապահական վարույթները, որոնք պետք է կուսակցության վարչությունը քննի եւ որոշումներ կայացնի, բայց, ուրեմն, եկեք սպասենք որոշմանը»։
Մեզ պատմեցին, որ Նարեկ Զեյնալյանն է երեկ անկումային տրամադրություն ունեցել, ողջ օրը փակվել է աշխատասենյակում, հյուրընկալել կոլեգա պատգամավորներին եւ ասել, որ չի հավատում, թե իր ելույթը կդառնա մանդատից զրկվելու պատճառ։ Չի բացառվում, որ ՔՊ վարչությունն այսօր քննի կուսակցականների կարգապահական դիմումները եւ որոշում կայացնի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 19․ 11․ 24 թ համարում։