Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե գաք Իջևան ու ասեք՝ Օհանյան Արմեն, իրեն բոլորը՝ մեծից փոքր, ճանաչում են: Բացի նրանից, որ նա զինվորական է, այլ նաև շատ շփվող էր, մեծ շրջապատ ուներ: Երբ մեկն իրեն զանգում էր ու մի բան խնդրում, պետք է ամեն ինչ աներ, միայն թե կարողանար այդ մարդուն օգտակար լիներ, եթե պետք լիներ, անգամ տասը հոգու կզանգեր, բայց այդ մարդու խնդրանքը կկատարեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Արմենի կինը:
 
Արմեն Օհանյանը ծնունդով Իջևանից է: 1997-1999 թթ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ թիվ N զորամասում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար: 2002 թ.-ին անցել է պայմանագրային զինվորական ծառայության նույն զորամասում, սկզբում՝ որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ 2004 թ.-ին առաջխաղացման կարգով նշանակվել է 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, իսկ 2010 թ.-ին 4-րդ հրաձգային գումարտակում՝ նույն պաշտոնին։ 2012 թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է նույն զորամասում՝ որպես 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար: 2016թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասում՝ որպես հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ: Սա փոխգնդապետ Արմեն Օհանյանի զինվորական կենսագրության թվերի ու իրադարձությունների չոր փաստագրումն է:
 
Հրապարակումներ, զրույցներ, տեսանյութեր աչքի անցկացնելիս նկատում էի՝ բոլորի շուրթերին նույն ձևակերպումն էր, թե ինչպիսի մարդ է եղել Արմենը և ինչ ներդրում ունի Իջևանի զորամասի մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում: Տիկին Անժելան ևս նույնն է փաստում: «Այնքան մեծ է նրա ներդրումը Տավուշում դիրքերի կահավորման հարցում, մշտապես հովանավորներ է գտել, որ կատարի այդ կարևոր գործը: Իր ընկերներն օգնել են շինանյութով, անհրաժեշտ ամեն ինչով՝ նրա համար, որ դրա նախաձեռնողն Արմենն էր: Այս պահին իր սարքածպահած 14 հենակետ անցել է Ադրբեջանին: Հիմա շատերն են ասում՝ Արմենը լիներ, թույլ չէր տա, որ նման բան տեղի ունենա: Իր աշխատանքը միշտ եղել է դիրքերում, երբ իրեն ասում էի՝ հիմա կարող ես արդեն միայն գնդում աշխատել, արձագանքում էր՝ ես առանց դիրքերի չեմ կարող, իմ կյանքն այնտեղ է»: Արտաքինից խիստ երևացող փոխգնդապետը շփման մեջ բարի էր, բոլորին հասնող:
 
«Շատ խիստ էր երևում, բայց իրականում այնքան բարի էր: Զորամասում էլ էր այդպիսին, բոլորն իրեն տեսնելիս զգաստանում էին, բայց յուրաքանչյուր զինվորի կողքին էր: Սոցիալապես վատ պայմաններում ապրող զինվորի մասին հոգ էր տանում, ամեն ինչով աջակցում: Հետո, երբ զորացրվում էին, օգնում էր անգամ, որ աշխատանք գտնեն: Յուրաքանչյուրն է ասում՝ գիտեինք, որ Արմենը խիստ է, բայց եթե ինչ-որ հարցով իրեն դիմում էինք, նա երբեք չէր մերժում մեզ»: Փոխգնդապետ Օհանյանը մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների հետ մղմանը և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները:
 
Ծառայության ընթացքում իր ֆունկցիոնալ պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Մարտական հերթապահության համար 1-ին աստիճան», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի գերատեսչական, «Բանակի 20 տարի» մեդալներով և Երկրապահ կամավորականների միության հուշամեդալով: Սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից անմասն չմնաց նաև փոխգնդապետը: «Այդ ժամանակ Արմենն արձակուրդում էր, զանգեցին, նա անմիջապես գնաց զորամաս և օրեր շարունակ այնտեղ էր»: Հոկտեմբերի 16ին վերադաս հրամանատարության կողմից ստացված կարգադրությունից անմիջապես հետո գնդի անձնակազմի հետ միասին մեկնել է Արցախի Հանրապետություն: «Եկավ տուն ու ասաց՝ հրաման կա, մեզ տանում են: Իրենց հրետանին Մարտակերտում էր, արդեն չկար: Հասնում են Քաշաթաղի շրջան: Իրենց տանում են Այգեհովիտ գյուղ, ասում՝ պետք է հետ վերցնենք այն:
 
Հոկտեմբերի 17-ին մտնում են այդ հատված, 18-ին արդեն 40 կմ առաջ գնացած են լինում այն դեպքում, երբ իրենց հրետանին չկար: Զինվորների հետ 7-8 սպա կանգնում են առաջին գծում, երկրորդ գծում լինում են պայմանագրային ծառայողները: Հարձակումը սկսվում է, իր հրամանատար Թաթուլ Ղազարյանը որոշում է կայացնում անձնակազմին տեղափոխել առավել նպաստավոր բնագիծ՝ հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Արմենը վերցնում է գնդացիրը, շեղում թշնամուն, գնում այլ ուղղությամբ, սկսում այդտեղից կրակել և ուշադրությունն իր վրա վերցնել, որպեսզի հրամանատարը կարողանա զինվորների հետ նահանջել: Նրանց, ցավոք, թիրախավորում է անօդաչուն: Արմենը, հասկանալով, որ թշնամին իրեն է հասնում, բնականաբար, նա գերի չէր ընկնելու, նռնակով ինքն իրեն պայթեցնում է: Միայն վերջերս իմացանք, որ երկու նռնակ է գործի դրել: Թշնամին գտել էր մյուս տղաների մարմինները, իսկ Արմենինը՝ ոչ: Այդ օրը նաև ոմանք փրկվել են, հաճախ գալիս են ինձ մոտ պոլիկլինիկա, որտեղ բուժքույր եմ աշխատում, ասում՝ եթե Օհանյանը չլիներ, մենք չէինք լինի: Շատերը հասցրել են նահանջել, շատերին էլ չի թողել մտնեն մարտի դաշտ»:
 
Փոխգնդապետն անմահանում է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում: Տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Մեր տղան պատերազմի ժամանակ ծառայում էր Արցախում: Արմենը միշտ ասում էր՝ իմ տղեն պիտի ծառայի: Երբ Արմենի զոհվելու լուրը տարածվեց, տղայիս պատերազմի դաշտից տուն ուղարկեցին: Իր վաշտում 36 հոգուց 4-ն են ողջ մնացել: Եթե տղաս մնար, մեծ հավանականությամբ, նա էլ կզոհվեր: Կարծես Արմենը գնար ու մեր տղային փրկեր: Երկու ամիս սպասում էինք հրաշքի, որ Արմենը վերադառնալու է, բայց տղաս տեսել էր պատերազմը և զգում էր, որ հայրիկն էլ չկա»: Տիկին Անժելան ասում է՝ հիմա յուրաքանչյուրը փորձում է մի բան անել Արմենի անունը հավերժացնելու համար: «Ամուսնուս ընկերը, որը մշտապես նրա կողքին է եղել, հովանավորել դիրքերի կահավորման հարցում, ստորագրահավաք էր կազմակերպել, որ Արմենին ազգային հերոսի կոչում տան, այդ առումով արդյունք չեղավ: Իսկ հիմա նա Տավուշի հատվածում դիրք է կահավորել, մեծ ծախս կատարել, ասել՝ Հայաստանի ամենալավ դիրքը պետք է լինի ու Արմենի անունը կրի:
 
Իջևանի թիվ N զորամասի տարածքում հուշաքար տեղադրվեց, դա նախաձեռնել էին գնդի պայմանագրային զինծառայողներն իրենց սեփական ֆինանսական միջոցներով: Կենցաղային հարցերով, երբ, օրինակ՝ տանը շինարարական կամ այլ աշխատանք ենք կատարում, աշխատողները չեն ուզում գումար վերցնել: Հարգում են Արմենին, շատ գնահատելի է, որ չեն մոռանում նրան»: Ապրելու ուժի մասին: «Երեխաներս են ուժ տալիս: Նրանք ինձ փոխեցին: Ուզում են, որ ամեն տեղ գնամ: Կոլեկտիվս մի տեղ է գնում, երեխաներս ասում են՝ դու էլ գնա: Կոլեկտիվս էլ է ինձ շատ օգնել, ամեն րոպե ուշադիր եղել իմ նկատմամբ: Արմենն ասում էր՝ հարսանիք չենք ունեցել, բայց իմ երեխաներին անպայման հարսանիքով եմ ամուսնացնելու: Երբ աղջիկս նշանված էր, ասացի՝ Արմենն ինչպես ցանկացել է, այդպես էլ անելու եմ: Հարսանիքով ամուսնացրեցի աղջկաս, ինձ համար դժվար էր, որ այդ օրը մենակ էի, բայց կյանքի կոչեցի Արմենի ցանկությունը: Կարծես անընդհատ իմ կողքին կլինի: Երբ ինչ-որ պահի ընկճվում եմ, հիշում եմ՝ դեռ տղայիս էլ պիտի ամուսնացնեմ, այդ օրն իր կողքին պիտի լինեմ: Հետո մտածում եմ՝ պիտի դեռ թոռներս ծնվեն, շատ եմ սպասում այդ օրվան, թե երբ եմ թոռնիկներ ունենալու: Սա է իմ ուժի աղբյուրը»:
 
Հ. Գ. - Փոխգնդապետ Արմեն Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու
Ամենադիտված