ՌԴ–ի կողմից միջամտություն չի եղել․ Պեսկովը՝ Վրաստանում ընտրությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը վճռականորեն մերժում է իր դեմ ուղղված մեղադրանքները՝ կապված Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտության հետ։
«Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները։ Դրանք շատ երկրների համար ստանդարտ բնույթ են կրում: Գրեթե անմիջապես Ռուսաստանին մեղադրում են միջամտության մեջ։ Ոչ, դա ճիշտ չէ: Ոչ մի միջամտություն չի եղել։ Մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Մեկնաբանելով Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ նա ասել է, որ «դա վրաց ժողովրդի ընտրությունն է»։
«Այժմ շատ կարևոր է, որ ոչ մի երրորդ երկիր չմիջամտի այս ընտրությունների արդյունքներին։ Նույն տիկին նախագահը (Սալոմե Զուրաբիշվիլի - խմբ.) ասել է, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ես չգիտեմ, թե արդյոք Վրաստանի նախագահի իրավասությունների շրջանակում է ճանաչել, թե չճանաչել ընտրությունները»,- ասել է Պեսկովը։
«Ամեն դեպքում, այս ամենը ներվրացական խնդիր է»,- հավելել է նա։