Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲագրատաշենի անցակետում Վրաստանից Հայաստան ուղղությամբ ավելի քան 200 բեռնատար է սպասում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Armenia»-ի թղթակիցը։
Մի քանի հարյուր բեռնատարներից կազմված շարքը սկսվում է Մառնեուլիի Կիրովկա գյուղից և ձգվում մինչև Բագրատաշենի անցակետ։
Բեռնատարները գտնվում են ճանապարհի տարբեր հատվածներում։ Ընդ որում, ըստ Վրաստանի Պետեկամուտների ծառայության` ներկայումս Սադախլոյից դեպի Հայաստան (անմիջապես չեզոք գոտու հատված և անցակետ) սպասում են ընդամենը 233 բեռնատար:
Ավելի վաղ` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը առաջիկա օրերին հնարավոր է որոշակիորեն նվազի, քանի որ ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը։