«Ճակատագրի հեգնանք է, 5 տարվա ամուսիններ էինք, բայց մի ամբողջ կյանք սիրել ենք, առաջին դասարանից ընկերներ էինք։ Միասին մանկության ու պատանեկության ճանապարհ ենք անցել։ 7-րդ դասարանում սիրո խոստովանություն արեց։ Մեր սերը շատ փորձություններ հաղթահարեց ու ի վերջո հաղթեց»,- MediaHub-ի հետ զրույցում ամուսնու՝ Անդրեյ Մելքումյանի մասին պատմում է Արմինեն։ 

Անդրեյ Մելքումյանը պայմանագրային զինծառայող էր, ծառայությունն իրականացնում էր նախ՝ Այգեստանի, ապա Հայկազովի հետախուզական ստորաբաժանումում։ 4 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Հաջորդ օրը Արմինեն երկրորդ բալիկի սպասումով՝ հղի վիճակում, 3 տարեկան դստեր և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, իսկ Անդրեյն իրեն վստահված դիրքերում էր։

«Կապը ոչ հաճախ, բայց կար, ու ամեն անգամ վստահեցնում էր, որ ինքը լավ է։ Մենք մեծ հույսեր էինք փայփայում, որ պատերազմը կավարտվի մեր օգտին, բայց դա միայն հեռվից էր այդպես երևում։ Նրանք, ովքեր պատերազմի թեժ կետում էին, հասկանում էին ողջ իրականությունը»,- պատմում է Արմինեն։

Կինն ամուսնու հետ կապը պահել է մինչև նոյեմբերի 7-ը՝ Շուշիի անկումը։ Նոյեմբերի 5-ից հետո իրավիճակն ավելի էր լարվել։ Բնագծի մյուս ուղղություններում համեմատաբար հանգիստ է եղել։ Ադրբեջանն ամբողջ ուժերը կենտրոնացրել էր Շուշիի ուղղությամբ։

«Նոյեմբերի 2-ին «Վարգոնզո»  նախագծով ու լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի կադրերում տեսել եմ Անդրեյին։ Նա Քարին տակ գյուղի ուղղությամբ կրակի տակով ուղեկցում էր լրագրողներին։ Երեկոյան հարցրեցի՝ էդ ինչերի՞ միջով եք անցնում, ասաց՝ «լրագրողները կինոյի պես են նկարագրում, իրականում ամեն ինչ էդքան վատ չի»։ Այլ բան՝ ինչ վերաբերում էր ծառայությանը, ինքը չէր պատմի»։

Նոյեմբերի 7-ը ճակատագրական եղավ Արմինեի համար։ Նա այսօրվա պես է հիշում ընտանիքին սպասվող ողբերգության զգացողությունը, թեպետ այդ օրը խոսել էր ամուսնու հետ։ «Ամուսնուս եղբայրը զանգել է ինձ, հարցրել, թե՝ «խոսե՞լ ես Անդրեյի հետ», այդտեղ արդեն հասկացա, որ ինչ որ բան այն չէ։ Նա այլևս կապի դուրս չեկավ։ Հետո պարզվեց, որ մեքենան, որի մեջ եղել է Անդրեյը՝ պայթեցրել են, նա տեղում զոհվել է»,- արտասվում է Արմինեն։

 

 

Անդրեյի մարմինը Շուշիի մատույցներից իջեցրել են նոյեմբերի 14-ին։ Նա հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ամուսնու զոհվելուց ամիսներ անց՝ 2021 թվականի հունիսի 6-ին, Մելքումյանների ընտանիքում կրկին ուրախություն էր։ Այդ օրը լույս աշխարհ է եկել Անդրեյի որդին՝ կրտսեր Անդրեյ Մելքումյանը, ով թեպետ չի տեսել հորը, բայց կրում է նրա անուն ազգանունը։

«Ուրախությունն ու տխրությունը միախառնվել էին իրար։ Տղաս հիմա արդեն 3 տարեկան է։ Նայում է մեր ընտանեկան լուսանկարին, ասում՝ «պապաս, մամաս, Գաբին»։ Անդրեյը հատկապես շատ կապված էր Գաբրիելայի հետ։ Դա հոր ու դստեր միջև մի անբացատրելի կապ էր։ Աղջիկս արդեն 7 տարեկան է ու ամեն ինչ հասկանում է։ Առաջին անգամ տարել եմ «Եռաբլուր»։ Պանթեոնի մուտքում նրան պատմեցի, որ այստեղ բոլորը մեր հերոսներն են, մեր եղբայրները, նրանք զոհվել են, որ մենք ապրենք։ Նա վազելով քարից քար էր գնում, փնտրում էր հորը, որ պինդ գրկի քարից»։

Արմինեի կյանքի ամենամեծ փորձություններից մեկն Արցախի պաշարումն էր։ Նա 9 ամիս հնարավորություն չի ունեցել այցելելու ամուսնու գերեզմանին։ Այսօր շնորհակալությամբ է հիշում այն մարդկանց, ծանոթ ու անծանոթներին, ովքեր այդ օրերին իր փոխարեն թարմ ծաղիներ են տարել Անդրեյին, խունկ ծխել նրա հիշատակին։ 

Անդրեյ Մելքումյանը հավերժ մնաց 27 տարեկան։ Իսկ Արմինեն շարունակում է ապրել, առաջ նայել, որ երեխաներին իրենց հոր արժանի զավակներ մեծացնի. դա Անդրեյի ցանկությունն էր։