ԱՄՆ-ը լրացուցիչ գրեթե 8 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների կառավարությունը լրացուցիչ գրեթե 8 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ նախագահ Բայդենը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Ուկրաինային հատկացնել ավելի վաղ Կոնգրեսի կողմից հաստատված բոլոր միջոցները։
Այդպիսով՝ 5,5 միլիարդ դոլար կուղղվի Պենտագոնի զինանոցներից Ուկրաինային ամերիկյան ռազմական տեխնիկա մատակարարելու և, համապատասխանաբար, այդ զինանոցները նոր տեխնիկայով համալրելու համար։ Եվս 2,4 միլիարդ դոլար կհատկացվի Կիևին ռազմական տեխնիկա մատակարարելու համար՝ անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցելու նախաձեռնության շրջանակներում։ Խոսքը հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մասին է, այդ թվում՝ ևս մեկ Patriot համակարգի, անօդաչու թռչող սարքերի և «օդ-երկիր» հրթիռների մասին։
Միացյալ Նահանգների նախագահը նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինային տրամադրել JSOW թևավոր ռումբեր: