Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականներն ոը տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։