Մարտունիում «Mercedes»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա հեծանվորդին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit-ին ապա «ՎՏԲ» բանկի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Գ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով շտապօգնության ավտոմեքենայում ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են «Mercedes»-ը և սահմանազատել տարածքը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Պարեկներն ու ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և հեծանիվը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։